Ախալքալաքի քաղաքապետարանը մշակել է քաղաքի կենտրոնում երթևեկությունը կարգավորող նոր ծրագիր, այս պահին ընթանում է ճանապարհային նշանների տեղադրման նախագծի մշակման գործընթացը:

Նոր նախագիծը, որը վերաբերում է Ախալքալաքի ճանապարհային երթևեկությանը, մշակվել է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից՝ 8 հոգուց բաղկացած հանձնաժողովի աջակցությամբ, որում ընդգրկված էին քաղաքապետարանի, պարեկային ոստիկանության, Սակրեբուլոյի, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի և մեկ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատել էր այս նախագիծը 2019 թվականի մայիսի 26-ին: Նոր նախագիծը պետք է կազմակերպի ճանապարհային երթևեկությունը՝ ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ հետիոտների համար: Նախագիծը նախատեսվում էր իրագործել այն հաստատելուց հետո 60 օրվա ընթացքում:

Այնուամենայնիվ, արդեն պատրաստվում է աշխատանքների իրականացման համար կոնկրետ նախագիծ:

«Նախագիծը գրեթե պատրաստ է: Նախագծողի հետ միասին մենք մի քանի կետ վերանայել ենք: Դրանք այն կետերն են, որոնք նա սխալ է հասկացել: Նախագիծը պատրաստ լինելուց հետո, մենք այն կներկայացնենք Սակրեբուլոյին, որպեսզի դրա համար գումար հատկացվի, որից հետո միայն տենդերը կանցկացվի», – ասում է աշխատանքային խմբի ղեկավար Վրեժ Բերիկյանը, որը հատուկ ստեղծվել է Ախալքալաքի ճանապարհային նշանների ուսումնասիրության համար:

Ախալքալաքի քաղաքապետարանը նաև բացատրեց, թե ինչու կենտրոնում փողոցների մեծ մասը կդառնան միակողմանի:

«Մյասնիկյանն ու Նալբանդյանը իրականում հիմա էլ միակողմանի են, պարզապես, եթե հիմա երկու փողոցները դեպի ավտոկայան մի կողմից փակված են, նոր նախագիծն ավարտելուց հետո մի փողոցը մի կողմից կփակվի մինչև ավտոկայան, իսկ մյուսը՝ հակառակ կողմից: Դա կլինի օղակի նման: Բացի այդ մենք արգելել ենք կանգառն աջ կողմում: Խորհրդակցել ենք պարեկապահակային ոստիկանության հետ, քանի որ մենք ունենք աջակողմյան երթևեկություն, և մարդիկ սովոր են նման կարգով երթևեկել: Հետևաբար, հարմար է, որ աջ կողմը բաց լինի: Եվ մենք փակել ենք փողոցները և աջ ու ձախ կողմերում կանգառը հնարավոր է: Կան փողոցներ, ինչպիսիք են Ռուսթավելին կամ Միկոյանը, որտեղով ես հազվադեպ եմ երթևեկում, քանի որ դրանք համարյա անանցանելի են», – բացատրում է Վրեժ Բերիկյանը:

Բոլոր միակողմանի փողոցներում արգելվելու է նաև աջ կողմում կանգառելը, քանի որ քաղաքի կենտրոնում հիմնականում բիզնես օբյեկտներ են, որոշ սեփականատերեր դժգոհ են կանգառման արգելքից, քանի որ ոմանք հաճախ պետք է բեռնաթափեն ապրանքները, իսկ մյուսները ցանկանում են, որ հաճախորդներին հարմարավետ լինի:

«Ինչ վերաբերում է խանութների սպասարկմանը, ապա դրա համար կա օրենք, և եթե հարկ լինի իրականացնել բեռնաթափումը, կարող են թույլտվություն վերցնել պարեկային ոստիկանությունից: Նաև քաղաքապետարանի թույլտվությունը կարող է հիմք տալ բեռնաթափման: Եղել են դեպքեր, երբ դիմել են մեզ ամեն օր և ամեն ժամի բեռնաթափվելու իրավունք ստանալու ակնկալիքով, բայց դա հարմար չէ, եթե մտադիր ես մեծ քանակությամբ ապրանք ներկրել, պետք է հաշվարկել այնպես, որ բերես 18:00-ից կամ 20:00-ից հետո, որպեսզի քաղաքում խնդիրներ չառաջացնես երթևեկության համար», – ասում է Վրեժ Բերիկյանը:

Ախալքալաքի կենտրոնում նոր նախագծի արդյունքում էական փոփոխություններ են սպասվում:

Ազատության փողոցը դառնում է «Գլխավոր». Ախալքալաքի երթևեկության նոր կարգափոխումները

Նալբանդյան փողոցի մի մասը կլինի միակողմանի

Դարբինյան փողոցը դառնում է «գլխավոր»

Վրեժ Բերիկյանը նաև ասաց, որ քաղաքապետարանը պետք է համաձայնության գա պարեկային ոստիկանության հետ, որպեսզի առաջին ամիսներին, նոր ճանապարհային նշանների տեղադրումից հետո, իրավախախտները չտուգանվեն, այլ դեռ միայն նախազգուշացում ստանան: Քաղաքապետարանը մտադիր է նաև իրականացնել տեղեկատվական աշխատանքներ, որպեսզի բնակչությունը շուտ ընտելանա երթևեկության նոր կանոններին:

Քրիստինե Մարաբյան