Վերջին օրերին լարիի փոխարժեքը սկսել է կտրուկ ընկնել, հասնելով ռեկորդային ցուցանիշի: Օրինակ, ԱՄՆ դոլարի նկատմամբ այս ցուցանիշը հասել է 2,8-ի և ավելիի: Վրաստանի Ազգային բանկը դա բացատրում է ռուսական, արտաքին շոկով:

«Փոխարժեքն ավտոմատ կայունացուցիչ է արտաքին ցնցումների ժամանակահատվածում: Այդ պայմաններում փոխարժեքի արժեզրկումը խաղում է «կլանող» շոկի մեխանիզմի դեր: Արժեզրկման արդյունքում, որոշ ժամանակ հետո կրճատվում է ներմուծումը և / կամ աճում է արտահանումը: Որքան շուտ տեղի ունենա փոխարժեքի շտկումը, այնքան փոքր կլինի բացասական ազդեցությունը տնտեսության վրա, և, հետևաբար, պակաս արժեզրկում կպահանջվի: Նման ժամանակահատվածում Ազգային բանկի կողմից արտարժույթի վաճառքը միայն կհետաձգի փոխարժեքի շտկումը, կհանգեցնի ցնցումների խորացման և փոխարժեքի ավելի մեծ արժեզրկման (տարբեր տարիների օրինակները` Ադրբեջան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա):

Այս փուլում դժվար է ճշգրիտ կանխատեսումներ անել, սակայն, ըստ նախնական հաշվարկների, Վրաստանի տնտեսության վրա զբոսաշրջային հոսքի կրճատման ազդեցությունը կկազմի մոտ 200-300 մլն ԱՄՆ դոլար՝ տարվա մնացած հատվածում: Այս արտաքին շոկը կազդի վճարումների հաշվեկշռի և, համապատասխանաբար, փոխարժեքի վրա…», – ասված է Ազգային բանկի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Ազգային բանկը կանխատեսում է, որ չնայած ռուսական ցնցումներին, Վրաստանի տարվա վճարային հաշվեկշիռը նախորդ տարիների համեմատ կբարելավվի:

Ազգային բանկը հերթական անգամ կոչ է անում քաղաքացիներին վարկեր վերցնել այն արժույթով, որով քաղաքացիները ստանում են եկամուտ:

«Միևնույն ժամանակ, հերթական անգամ հաստատվեց, որ դոլարիզացիայի նվազեցման և պատասխանատու վարկավորման սկզբունքները կիրառելու քաղաքականությունը ճիշտ և ժամանակին որոշում էր», – ասվում է հայտարարության մեջ: