Երկու տարի առաջ Կուլիկամ գյուղի կենտրոնում սկսվեց մանկապարտեզի նոր շենքի կառուցումը, որը այդպես էլ չավարտվեց: Գյուղի մանուկների ծնողները պահանջում են նորմալ մանկապարտեզ ալտերնատիվի փոխարեն, իշխանությունները խոստանում են, որ շենքի շինարարությունն ավարտին կհասցնեն:
Կուլիկամ գյուղի ալտերնատիվ մանկապարտեզ է հաճախում 22 երեխա, նույնքան էլ քաղաքի տարբեր մանկապարտեզներ, այդքան էլ դիմողներ կան, ովքեր սպասում են իրենց հերթին: Պատճառը որպես մանկապարտեզի շենք վարձակալած բնակարանի պայմաններն են: Գյուղի ալտերնատիվ մանկապարտեզի դաստիարակներն ու դայակները հերթափոխով են աշխատում: Պայմանները տեսանելի են՝ վարձակալած տուն, առանց լուսավորության հնարավորության և զուգարանի, իսկ տաքությունը փայտե վառարանով է: Հատակին փռված գորգերը ծնողներն են բերել իրենց երեխաների համար:
«Գյուղում մանկապարտեզի տարիքի երեխաներ շատ կան, ինչի՞ չեն հաճախում գյուղի մանկապարտեզ, որովհետև պայմաններ չունենք: Ծնողն աշխատում է, որ իր երեխան ավելի լավ մանկապարտեզ հաճախի», – ասաց Կուլիկամի ալտերնատիվ մանկապարտեզի դաստիարակ Հայկանուշ Շախբեկյանը:
Շուրջ 7 տարի առաջ Կուլիկամում բացվեց ալտերնատիվ մանկապարտեզ: Եվ մինչև օրս երեխաները նույն պայմաններում են մանկապարտեզ հաճախում, գրեթե ոչինչ չի փոխվել: Դաստիարակներն ու դայակները տարիների ընթացքում փոխվել են, սակայն նրանցից որևէ մեկը, այդպես էլ վերապատրաստման ոչ մի կուրս չի անցել:
Կուլիկամում 2016 թվականին սկսվեց մանկապարտեզի շենքի կառուցումը, սակայն մինչև օրս այն ավարտին չի հասցվել:
Կուլիկամ գյուղում այս օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել մանկապարտեզի հարցը: Ծնողները մտոհոգ են, եթե մինչև վերջ չէին սարքելու, ինչու կեսը սարքեցին:
«Լսեցի, որ մեր գյուղի մանկապարտեզը չեն սարքելու: Ես իմ երեխային քաղաքի մանկապարտեզ եմ տանում, հույս ունեի, որ մի օր ստիպված չէի լինի երեխայիս մինչև քաղաք տանել»,- ասաց ծնողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Այս տարի, 2018 թվականին Ախալքալաքի շրջանային բյուջեից մոտավոր 170 000 լարի է հատկացվել, որպեսզի ավարտին հասցնեն կիսակառույց մանկապարտեզի շինարարությունը: Սակայն տենդեր-մրցույթ դեռ չի հայտարարվել, քանի որ գումարի մի մասը անցած տարի տենդերներից խնայած գումարն է և Ենթակառուցվածքների զարգացման վարչությունը թույլտվություն պետք է տա:
«Սպասում ենք Ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի թույլտվությանը, քանի որ ընդհանուր գումարի մոտավոր 142 000 լարին տենդերներից տնտեսածն է, իսկ մնացածը տեղական բյուջեից է հատկացվել, հենց պատասխան ստանանք, տենդերը կհայտարարենք»,- ասաց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:
Իսկ, թե երբ պատրաստ կլինի շահագործման Կուլիկամի մանկապարտեզի շենքը և երեխաները հնարավորություն կունենան նորմալ նախակրթարան հաճախել դեռ անհայտ է:
Աղունիկ Այվազյան