ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Վրաստանի գյուղատնտեսության հետ համատեղ, Ախալքալաքի Կիրովական գյուղում կարտոֆիլի ցուցադրական դաշտում 5 տեսակի սերմացու է ցանել, որի ոռոգումը կիրականացվի կաթիլային համակարգով:
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):
Ախալքալաքի շրջանի Կիրովական գյուղում, լճի ափին 1 հա հողատարածքի վրա հոլանդական և գերմանական 5 սորտի կարտոֆիլ է ցանվել: Վրաստանի գյուղատենտեսության նախարարության և FAO-ի մասանագետների համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվել է Կիրովական գյուղի բնակիչ Եղիշե Աղաջանյանի հողատարածքը: Մինչ հողատարածքի ընտրությունը մասնագետները եղել են շրջանի գրեթե բոլոր գյուղերում, իրենց ուսումնասիրությունն են կատարել և վերջնական եզրակացության արդյունքում ընտրել են Կիրովական գյուղը:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի խոսքերով յուրաքանչյուր աշխատանքի ժամանակ Թբիլիսիից մասնագետներ են գալիս, հետևում իրականացվող աշխատանքներին և խորհրդատվություններ են անցկացնում:
«Իրենք ամեն աշխատանքի ժամանակ գալիս են, մասնագետներ ունեն, ովքեր ամեն անգամ գալիս են խորհրդատվություններ են անում և հետևում պրոսեցին: Նախ նրանք հողի անալիզ արեցին, հիմա արդեն կաթիլային համակարգն են տեղադրել: Այստեղ շրջանի ֆերմերները կկարողանան ուսումնասիրել կարտոֆլիագործության արդյունավետ մեթոդները: Գլխավորն այն է, թե կաթիլային ոռոգումն ինչ էֆեկտիվություն կունենա»,- ասաց նա:
Ռամազ Գոգոլաձեի խոսքերով, Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքատվությունը լավագույն դեպքում 18 տոննա է, որը շատ քիչ է:
«Գիտեք, մեր մունիցիպալիտետում բերքը 17-18 տոննա է, որը շատ քիչ է Եվրոպայի, Թուրքիայի և մյուս պետությունների հետ մրցակցել չենք կարող: Մեզ մոտ ինքնարժեքը նույնիսկ չի փակում: Տեսնենք աշնանն ինչ արդյունք կունենանք: Այս սիստեմը մեզ հնարավորություն կտա՝ ոչ թե դաշտերն ընդլայնել, այլ՝ հակառակը, մենք կկարողանանք փոքր դաշտից բարձր բերք ստանալ»:
Նշենք, որ 2019 թվականին ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) գյուղատնտեսության և գյուղի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման համար Վրաստանին 2 մլն եվրո է տրամադրել:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է Վրաստանում մշակել գյուղի զարգացման քաղաքականություն՝ բնական ռեսուրսների կայուն օգտագործում, գյուղատնտեսական փորձի զարգացում շրջակա միջավայրի հետ համատեղ և այլն:
Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն ուղղված են Վրաստանի ֆերմերների մրցունակության բարձրացմանը և գյուղատնտեսական արտադրության հետևանքով կլիմայի փոփոխությունների նվազեցմանը:
Աղունիկ Այվազյան