Այսօր առավոտյան ոստիկանները շրջափակել են Տաբածղուրի լիճը և ձերբակալել 3 բնակչի, ովքեր լճում ձուկ են որսացել, սակայն գյուղի բնակչությունը փակել է ոստիկանների հետդարձի ճանապարհը և ազատել ձերբակալվածներին:
Գյուղացիների խոսքերով, երբ առավոտյան Տաբածղուրի գյուղի երեք բնակիչներ լճում ձուկ են որսացել, հանկարծակի հայտնվել է ոստիկանությունը և ուժ կիրառելով ձկնորսներին դուրս հանել լճից: Ոստիկանները ձերբակալել էին՝ Էդիկ Հակոբյանին, Անդրանիկ Այվազյանին և Գագիկ Հովակիմյանին:
«Իրենք եկել պայ էին մտել անտառին մեջ, երբ մտանք լիճ հազիվ 1,5 կիլո ձուկ էինք բռնել, երբ մոտեցան մեր ընկերոջ նավակին: Մեզ՝ երեքիս էլ բռնեցին ու սկսեցին խփել, զաստավիթ երան, որ լճից դուրս գանք, մոտ 20 հոգի կլինեին: Մենք վախեցանք խեղդվելեն, նավերով մեզի կը խփեին, ճվային կը: Սկզբից խաբեցին, թե եկեք դուրս խոսենք, բայց մաշինան նստեցուցին, մե 2-3 կմ քշեցին, մեր գյուղացիները քար էին շարե ու ճամփան փակել էին: Մեզի բաց թողին, բայց նավակները տարան: 3 լոդկաներն էլ տարան, ամեն մեկը 1500 լարի արժե, մենակ ձուկ որսալու համար չէին, էդ լոդկաներով զբոսաշրջիկներուն կը պտտցնեինք»,- պատմեց ձերբակալվածներից Անդրանիկ Այվազյանը:
Տաբածղուրի գյուղի բնակիչները միաբերան պնդում են, որ իրենց նման խնդիրների պատճառն այն է, որ լիճը սեփականատեր ունի և այդ սեփականատերը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանն է: Տաբածղուրիի բնակիչները չեն ուզում աշխատել նրա հետ:
«Ինչպես գիտեք Վարդան Այվազյանը մեր լիճը գնել է և ժողովրդին առաջարկում է տոկոսադրույքով աշխատել, այսինքն 50/50: Մեզ ձեռք չի տալիս և առաջարկում ենք գոնե 70/30 հարաբերակցությամբ աշխատել, քանի որ ձուկ որսալու պարագաները ևս ծախսեր է պահանջում»,- պատմեց Տաբածղուրի գյուղի բնակիչներից մեկը, ավելացնելով՝ «հասկանում եք, մեր եկամտի միակ աղբյուրը ձուկն է: Այսպես չի կարող շարունակվել, քաղաքացիական պատերազմ կլինի, սա ազգային հարց է, զոռով հայաթափում են»:
Նշենք, որ Տաբածղուրի գյուղի բնակիչները պահանջում են չեղյալ համարել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից Վարդան Այվազյանի ընկերությանը տված լիզենզիան, քանի որ դրանից հետո սահմանափակվել է Տաբածղուրի լճում ձուկ որսալու գյուղացիների իրավունքները:
2010 թվականի սեպտեմբերի 2-ին, Բորժոմի շրջանի Տաբածղուրի լիճը աճուրդով վաճառվել է 1832 լարիով: Աճուրդին մասնակցել է ընդամենը մեկ՝ «Լճեր» ընկերությունը, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Վարդան Այվազյանին: Գրանցման ռեեստրի տվյալներով «Լճեր» ընկերությունը ստեղծվել է աճուրդից ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 30-ին:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը լիճը տրամադրել է 20 տարվա օգտագործման համար՝ պայմանով, որ լճում միշտ պետք է ձուկ լինի: Գյուղացիների խոսքերով, Վարդան Այվազյանի ընկերությունը այս պայմանը չի պահպանել: Ընկերությունը սկսել է ոչնչացնել ձուկը, նույնիսկ, Սևանա լճից 80 տոննա խեցգետին են բերել-լցրել լիճը: Խեցգետիններն ուտում են ձկների ձկնկիթը, որի հետևանքով ձկների 13 տեսակ համարյա ոչնչացվել է:
Ավելի ուշ կտեղեկացնենք, թե կոնկրետ իրավական ինչ հիմքի վրա են ոստիկանները ձերբակալել ձկնորսներին և առգրավել նավակները:
Աղունիկ Այվազյան