Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի դպրոցի կառուցման համար տենդեր է հայտարարել:

Չունչխա գյուղի դպրոցում սովորում է 91 աշակերտ, որոնցից 28-ը հարևան Պտենա գյուղից են:

Շուտով, մրցույթից հետո Չունչխայում կսկսվի նոր դպրոցի շինարարությունը:

Գնման նախահաշիվային արժեքը կազմում է 1 905 230 լարի: Տենդերային հայտերն ընդունվում են մայիսի 29-ից մինչև հունիսի 3-ը:

Chunchxa

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ կկառուցվի 9 դասասենյակ, 3 գրասենյակ և 1 լաբորատորիա:

Դպրոցում նաև տեղ է հատկացվելու տնօրենի առանձնասենյակի, հաշվապահության և բժշկի սենյակի համար:

Դպրոցի տնօրեն Էմզար Պապիձեի խոսքով, նոր դպրոցը կունենա նաև արխիվ, գրադարան, ճաշասենյակ, ախտահանիչ պահարաններով, սանհանգույց և հանգստի գոտի:

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի միջնակարգ դպրոցի փայտե շենքում հրդեհ էր բռնկվել: Չունչխա գյուղի վրացական դպրոցը բաղկացած էր երկու մասնաշենքերից` դպրոցի հիմնական շենքից (տեղակայված նախկին մանկապարտեզի շենքում) և փայտե ֆիննական տնակից, որը այրվել էր հրդեհի արդյունքում: Դրանից հետո աշակերտների մի մասը շարունակեցին իրենց ուսումը գյուղապետարանին պատկանող շենքում:

Հարեւան Պտենա գյուղի աշակերտները նույնպես սովորում են Չունչխայի միջնակարգ դպրոցում: Պտենա գյուղի դպրոցը գտնվում է վթարային վիճակում, արդեն քանի տարի է, ինչ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն այնտեղ արգելել է դասեր անցկացնել: Դասերը Չունչխայի դպրոցում անցկացվում են երկու հերթափոխով: Առաջին հերթափոխով դաս են անում Չունչխա գյուղի աշակերտները, իսկ երկրորդով՝ Պտենայի աշակերտները:

Բրատիսլավ Իգիթխանյան