Հունիսի 23-ին, Ախալցիխեի հայ բնակչությունը հանդիպեց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն ընթացավ Ախալցիխեի ժողովրդավարության ներգրավման կենտրոնի նախաձեռնությամբ: Հանդիպման սկզբում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները բնակչությանը ներկայացրին Ժողովրդական պաշտպանի ապարատի կառուցվածքն ու անելիքը, այնուհետև տեղի ունեցավ քննարկում ներկաների միջև: Հայ բնակչության կողմից բարձրացվեց մի շարք հարցեր, մասնավորապես՝ կրթության, երկքաղաքացիության և կեցության, հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի, պետական մարմիններում հայերի բացակայության, անմխիթար ճանապարհների, Վրաստանում ազգային փոքրամասնությունների կարգավիճակի և հարկային ծառայության հետ կապված խնդիրների մասին:
Հայության դժգոհության պատճառներից մեկն այն է, որ Սամցխե-Ջավախքի բնակչության 50 տոկոսից ավելին ազգությամբ հայեր են, սակայն նահանգապետարանում և պետական այլ կառույցներում չկան հայ պաշտոնյաներ:
Հանդիպմանը ներկա մանկավարժների կողմից բարձրացվեց աշխատավարձերի հարցը: Այն դեպքում, երբ մանկավարժները անցել են որակավորում (սերտեֆիկացիա), սակայն իրենց աշխատավարձը ավելացել է ընդամենը 17 տոկոսով, այնինչ վրաց լեզվի ուսուցիչների աշխատավարձը եռակի անգամ է բարձրացել:
Ախալցիխեի հայ ազգաբնակչությունը ներկայացրեց նաև երկքաղաքացիության և կեցության իրավունքի հետ կապված խնդիրները: Նրանցից շատերը տեղյակ չէին, որ Վրաստանում չի գործում երկքաղաքացիության օրենքը և իրենք ստանալով Հայաստանի հանրապետության երկքաղաքացու անձնագիր ավտոմատ զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից:
Ինչպես ամբողջ ջավախահայությունը, այնպես էլ Ախալցիխեի հայությունը պետական լեզվի չիմացության խնդիր ունի: Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումը ընթացավ երեք լեզվով, հայերեն, ռուսերեն և վրացերեն:
Ախալցխահայությանը հուզող խնդիրերը կներկայացվեն Վրաստանի ժողովրդական պաշտպանի առաջիկա զեկույցների մեջ: