Ախալցխայի ամենամեծ հայկական գյուղը երկու կարևոր խնդիր ունի: Ծուղրութում խմելու և ոռոգման ջուր չկա, քանդված են նաև գյուղի ճանապարհները:
Գյուղ տանող ճանապարհը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է գտնվում: Տաքսու վարորդը, ով առաջին անգամ էր Ծուղրութում, զարմանալի հայացքով շուրջբոլորն էր նայում: Մեր հարցին, թե ինչու է այդպես ուշադիր նայում, վերջինս պատասխանեց. «Գյուղի ճամփան շատ վատ է, բայց տեսեք` ինչ լավ տներ ունեն, հողերը մշակված, լավ են ապրում»:
Տաքսուց իջնելուն պես հանդիպեցինք տարեց մի մարդու, ով լսել էր մեր և վարորդի խոսակցությունը, ասաց. «Հա, աստեղաց ժողովուրդը շատ աշխատող է»:
Շտապում ենք հասնել գյուղի կենտրոն մարդկանց հետ խոսելու: Ճանապարհին հանդիպեցինք Փեփուշ անունով մի կնոջ, ով, աղբյուրի մոտ նստած, աղջկա օժիտի բուրդն էր լվանում: Աղջկան այս տարի է ամուսնացրել:
Ծուղրութի ամենամեծ խնդիրը ջրի բացակայությունն է, գյուղում կան մի քանի աղբյուրներ, որտեղից գյուղացիները ջուր են կրում: Գյուղի աղբյուրները յուրատեսակ հավաքատեղի են գյուղացիների համար: Ծուղրութի գյուղամիջյան հայտնի աղբյուրը Երեք օղլանի աղբյուրն է: Գյուղաբնակները չեն դժգոհում իրենց կյանքից` նշելով. «Մեր հողերը քիչ են, սաղ իրար հետ 1 հա է, ջուր չունինք, հնար կա, տեր չկա: Ախբրեն կը կրենք ջուրը, մեր կյանքը դժվար է, բայց սորվել ենք, աս է»:
Ծուղրութցիները, համեմատած Ախալցխայի մյուս հայկական գյուղերի, քիչ են արտագաղթում և խոպան գնում: Այստեղ, բառի բուն իմաստով, հողից հաց են քամում, մեծով ու փոքրով օրն ի բուն աշխատում են դաշտերում:
«Ծուղրութու քիչ կերթան, քարթոլ, լազութ, գարի, ցորեն, սոխ ու սխտոր, ամեն ինչ աճեցնում ենք: Ամենաշատ եկամուտ քարթոլեն կստանաք, դուս շատ կերթան, կան մարդիկ, որ դուս երթցող չունին, փենցիայի ապին է, ասանը քիչ թե շատ, աժան-մաժան կաշխատին, յոլա կերթան, ամեն ձևի մարդա կա: Մեր Ծուղրութ գեղը շատ աշխատող ժողովուրդ են, անչափ աշխատող: Շատ չորային գյուղ է, բայց ինչքան ըսես աշխատող ժողովուրդ են, ըժերը ինչքան կօքդե կաշխատին: Ոռոգման ջուր չունինք, Աստծո հույսին ենք, հիմիա էնքան երավ, սաղ լխկավ»,- պատմեց Անահիտ Գինոսյանը:
Ծուղրութցիներին ամենաշատն անհանգստացնող խնդիրը խմելու ջուրն է:
«Խմելու ջուրը… գեղին մեջ աղբյուրներ կան, անդից կը կրենք, որ կօգտագործենք: Գյուղում կա մե 20 տուն, որ իրենց ըժերով քաշել են: Ախալցխա չկա մե գեղմ, որ երթաս տներուն մեջ, ջուր չունենան, պիտունին տներուն մեջ ջուր կա: 1970-80 ականներին ասֆալտ ճանապարհ ունեինք, հիմի բանմա չունինք, քանդվավ, վերջացավ, քնաց: Կերթաս ուրիշ տեղեր, 80 ընտանիք կա գեղը, գեղին ճամփան ասֆալտ է: Անցած տարի որոշեցին ջուր փերել սարեն, խողովակները փերին ճամփուն կեսը, փողը պարպավ ու ադպեսա կիսատ մնաց»,- պատմեց ծուղրութցի Սարգիս պապը:
Գյուղամեջի Երեք օղլանի աղբյուրի մոտ Սիրուն տատը հարսի հետ կանաչի է դարսում:
«Կանաչը քուքան հիմի Թիլվիզ, Քութաիս կը տանին, աս տարի ջրհեղեղ է եղե, իստակ քշել տարել է, քուքան մեր քովեն կը տանին: Մե կիլոմ սամիթը 50 թեթրի է: Առևտուր կենեք, կապրինք»,- ասում է 74-ամյա Սիրուն Սողոյանը` ավելացնելով. «վեվ հնար ունի, կերթա գեղեն, վեվ չունի, մնա կը»:
Ցերեկվա ժամերին գյուղում շատ քիչ մարդու կարելի է հանդիպել. մարդիկ դաշտերում աշխատում են, աճեցրած բերքն են հավաքում, երեկոյան պատրաստում, որ հենց գնորդները գան, ամեն ինչ պատրաստ լինի: Ծուղրութում մարդն ու բնությունը միախառնվել են իրար: Մարդիկ զարմանալիորեն ներդաշնակ են ապրում բնության հետ: Երեխանների ջինջ ու մաքուր հայացքներն այնքան մեծ խորհուրդ ունեն: Նրանք այսօրվա Ծուղրութի վաղվա օրն են…
Աղունիկ Այվազյան