«Green Way» ընկերությունը, որն  Ախալքալաքում ժամանակավորապես իրականացնելու է ավտոմեքենաների տեխզննումն, այսօր սկսել է սարքավորումների տեղադրման աշխատանքները:

«Green Way» ընկերությունը գործելու է Վաչիանի ավտոմայրուղու վրա գտնվող բենզալցակայանի տարածքում,  նախկին №1  զինվորական ավանի   մոտակայքում:

«Green Way» ընկերության տնօրեն Մալխազ Նադիրաձեի խոսքերով, այսօր նրանք կտեղադրեն սարքավորումները, կանցկացնեն    էլեկտրականությունը եւ երկու օրվա ընթացքում արդեն կսկսեն անցկացնել տեխզննումը:

«Իմ աշխատողներն այսօր կգան, մենք կտեղադրենք սարքավորումները, եւ, հավանաբար, վաղը կամ դրա հաջորդ օրը  մենք կսկսենք աշխատել մեքենաների հետ: Մենք ստուգում ենք մեքենան ըստ բոլոր չափանիշների, ու կտանք տեղեկանք , որ անցել է տեխզննումը, իսկ եթե մեքենան չանցնի ստուգումը, ապա կգրենք ինչ խնդիրներ ունի մեքենան »,- ասում է Մալխազ Նադիրաձեն:

Նորմերին չհամապատասխանելու դեպքում վարորդները պետք է մեկ ամսվա ընթացքում խնդիրը շտկեն: Երկրորդ տեխզննումն անվճար է, բայց եթե վարորդը չվերացնի   խնդիրը, ապա նա խախտման համար կտուգանվի 50 լարիով:

Ախալքալաքի շարժական կենտրոնը կաշխատի ժամը 10:00 մինչեւ 19:00:

Կենտրոնը օրվա ընթացքում քանի մեքենա  կկարողանա   ստուգել, տնօրենը չկարողացավ ասել, նշելով, որ  օրինակ, մեքենան պետք է չոր լինի, որը հատկապես ձմռանը եւ Ախալքալաքի եղանակային  պայմաններում խնդիր է հանդիսանում:

Թեթև մարդատար ավտոմեքենայի տեխզննումը կազմում է 60 լարի, բեռնատար  եւ ուղեւորափոխադրող մեքենաների համար՝ 100 լարի:

Տեխզննման համար Դուք կարող եք վճարել բանկում,   համացանցի կամ վճարման ապարատների միջոցով:

Իրավիճակը մեղմելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետի եւ Սամցխե-Ջավախեթիի շրջանի տեղական իշխանությունները բանակցություններ են վարել եւ նպաստել են Ախալքալաքում շարժական կենտրոնի բացմանը:

Կենտրոնը կաշխատի մինչեւ  Խոսպիո  գյուղի  մոտ կառուցվող Ախալքալաքի տեխնիկական զննման  կենտրոնի կառուցումը:


texosmotr1

Շուշան Շիրինյան