Ախալքալաքի շրջանի դեպի Կարծախ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատվել է հինգ տարի առաջ, սակայն այն չլուծեց կարծախցիների սոցիալ-կենցաղային հիմնախնդիրները:
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ, Ախալքալաքից 30 կմ հեռավորության վրա, մեքենայով մոտ 30 րոպե ճանապարհ է: Գյուղի բնակիչները հույս ունեին, որ ճանապարհի շինարարությունից հետո նրանց կյանքը գյուղում կթեթևանա և կլուծվեն շատ հիմնախնդիրներ, սակայն պարզվեց, որ բարեկարգված ճանապարհը ամեն ինչի դարման չէ:
Գյուղի բնակիչները պատրաստակամորեն պատմում էին իրենց հիմնախնդիրների մասին, այնքան էլ չհավատալով, բայց հույսով, որ դրանք կլուծվեն:
Գյուղը շատ հիմնախնդիրներ ունի: Դրանք հետևյալ են՝ գյուղը չունի բնական գազ, մանկապարտեզ, տներում ջուր չկա, խնդիրներ կան կաթի, մսի և պանրի իրացման հետ, երիտասարդությունը արտագնա աշխատանքի է մեկնում գյուղից:
Կարծախ գյուղի բնակիչ՝ Վարդան Աբոյանի խոսքերով, իրենց գյուղում այնքան հիմնախնդիր կա, որ չգիտեն ինչից սկսեն:
«Գազ չունենք և մտադիր էլ չեն անցկացնել: Ասում են գյուղը փոքր է և հեռու, ուստի նպատակահարմար չէ այստեղ գազ անկացնելը: Վաչիան գյուղում գազ կա, իսկ մենք չունենք: Մենք ընդամենը 20 կմ ենք հեռու Վաչիանից»,- ասաց Վարդան Աբոյանը:
Գյուղի բնակիչները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:
«Միսը 9 լարիով էժանացել է, և նորից գնող չկա: Ամեն ինչ թանկանում է, իսկ միսը՝ ոչ: Կաթն ու պանիրը չենք կարողանում հանձնել: Ես ունեմ 11 կով, կաթը չգիտեմ ու՞ր հանձնեմ: Մի մարդ կար, ով մեզանից 1 լիտրը 70 թեթրիով գնում էր, սակայն արդեն 25 օր է դադարել է գնել: Ուղղակի չի գնում, այլևս չի ուզում: Դե մենք ինչ իմանանք ինչու է հրաժարվում: Մեզ ավելի ձեռնտու է կաթը հանձնել, քան պանիր պատրաստել և ծախել»,- դժգոհում է Վարդան Աբովյանը:
Վազգեն Աբաջյանը դժգոհում է, որ երիտասարդների համար գյուղում աշխատանք չկա և նրանք հեռանում են գյուղից: Այս տարի նրա խոսքերով, արդեն 70-80 մարդ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Իսկ նրանք, ովքեր մնացել են և աշխատում են գյուղում չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը:
«Ես ունեմ 3 կով, ու կաթը, միսը, պանիրը չեմ կարողանում իրացնել: Եթե գոնե Ախալքալաքում գործարան լիներ, որտեղ կարողանայինք հանձնել կաթը: Դա մեզ համար փրկություն կլիներ: Միսը նույնպես չենք կարողանում վաճառել, գնող չկա: Իսկ միսը տանել Թբիլիսի հանձնելը իրական չէ»,- ասում է Վազգեն Աբաջյանը:
Մի կին, ով չցանկացավ ներկայանալ, դժգոհեց, որ 1կգ պանիրը արժե 3 լարի, ինչը շատ էժան է:
«1կգ պանիրը փոխանակում ենք 1 կգ լոլիկի, խնձորի հետ: Ամեն ինչ թանկանում է, իսկ մեր արդադրանքը՝ ոչ: Ինչու՞»,-դժգոհում է նա:
Հայկանուշ Դոխոյանը խոսում է մանկապարտեզի բացակայության մասին: Նրա խոսքերով 50-60 երեխա կա գյուղում, որոնց ծնողները չգիտեն ում մոտ թողնեն իրենց երեխաներին, երբ նրանք աշխատանքի են գնում:
«Մեր գյուղում շատերը կուզեին իրենց երեխաներին տալ մանկապարտեզ: Անցյալ տարի շենքը վերանորոգեցին, սակայն մինչ այսօր չի աշխատում: Ոչ կահույք կա, ոչ էլ այլ կահավորանք: Ես և հարսս աշխատում ենք մասնավոր ֆերմերի մոտ, որդիս հովիվ է, ու երեք երեխաներին չգիտենք ում մոտ թողնենք»,- դժգոհում է Հայկանուշ Դոխոյանը:
Գյուղում սուր խնդիր է նաև խմելու ջուրը, այսինքն նրա բացակայությունը:
Գյուղի կենտրոնական ջրախողովակը կառուցել էին դեռևս անցյալ տարի, «Աջակցություն գյուղին» ծրագրի փողերով: Հիմա պետք է, որ կենտրոնական ջրախողովակից ամեն մի բնակիչ ջուրը տանի դեպի իր տուն: Սակայն ոչ բոլորն են ի վիճակի այն կատարել: Որոշների տունը գտնվում է կենտրոնական ջրախողովակից 50 մ հեռավորության վրա, իսկ մյուսներինը՝ 500 մ:
Աշոտ Պողոսյանը թոշակառու է, ապրում է կնոջ հետ: Նրա տունը գտնվում է կենտրոնական ջրախողովակից 300 մ հեռավորության վրա:
«Մենք տունը ջուր չունենք: Գյուղում 2-3 տեղ կա միայն ջուր, որտեղից էլ հիմնականում էշով բերում ենք: Ես հնարավորություն չունեմ տունը ջուր քաշելու: Գյուղում այն կարող է իրեն թույլ տալ 3 ընտանիք երևի, ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը: Օրինակ՝ ես թոշակառու եմ, իմ 150 լարին հազիվ է հերիքում ապրելու: Ես կով չունեմ, ոչինչ չունեմ, միայն իմ օգտագործման համար կարտոֆիլ եմ ցանում»,- պատմում է Աշոտ Պողոսյանը:
Շատ հաճախ գյուղում կարելի է տեսնել ջրի բիդոններով բեռնված էշերի: Դա շատ տիպիկ տեսարան է Կարծախ գյուղի համար: Գյուղի բնակիչները այդպես իրենց տները ապահովում են խմելու ջրով:
Այս տարի, «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում, Կարծախ գյուղին հատկացվել է 24 հազար լարի: Ախալքալաքի շրջանի Կարծախի տարածքային տեղամասի, Ախալքալաքի ժողովի պատգամավոր՝ Աբրամ Կարապետյանի խոսքերով, լրիվ գումարը կծախսեն բնակիչների տները ջուր անցկացնելու համար:
Կարծախցիների կյանքի իրավիճակի բարելավմանը չազդեց նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որը դեռևս կառուցման ընթացքի մեջ է: Բնակիչների խոսքերով, այդ շինարարությունում տեղացիներից ոչ մեկը չի աշխատում:
Շուշան Շիրինյան