Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում, սկսվել են 2019 թ-ի բյուջեի փոփոխությունների շուրջ քննարկումները: Պատգամավորները դժգոհ են մշտապես ձգձգվող նախագծերից և դրանում տեսնում են քաղաքապետարանի ծառայությունների մեղքը: Տարբեր պատճառներով մունիցիպալիտետում 2017-2018 թվականների 43 տարբեր նախագծեր չեն իրականացվել մինչև վերջ, կամ իրականացվել են մասամբ կամ էլ աշխատանքը կատարվել է, սակայն արդյունքը նկատելի չէ: Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը կազմել է 2019 թ-ի բյուջեի փոփոխությունների փաթեթը և այն ուղարկել Սակրեբուլո: Փոփոխությունների գումարը կազմում է 1 538 831 լարի: Պատգամավորները բոլոր ծրագրերն առանձին առանձին քննարկել են, նշելով, որ որոշ ընկերություններ աշխատում են շատ վատ, ու արդեն երկու տարի է չեն կարողանում կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Այդ ընկերությունների շարքում նշել են ՍՊԸ «Սամոսվալ 1» -ը: Նրանք նաև քննարկել են անգրագիտորեն կազմված նախագծերը, որոնց աշխատանքների ավարտից հետո արդյունքը նկատելի չէ: Այս թեմայով քննարկվեց Ալաթուման գյուղում նոր ջրամատակարարման համակարգի նախագիծը: Նրանք վրդովմունք հայտնեցին այն բանից, որ ընկերություններն, որոնք չեն կարողանում ժամանակին կամ որակով կատարել իրենց աշխատանքը, կրկին ստանում են տենդերներ և չեն վերահսկվում քաղաքապետարանի աուդիտի և վերահսկողության բաժնի կողմից: «Նույն գումարը որպես փոխանցվող մնացորդ գումար, պահանջել էին և անցյալ տարի և պահանջում են այս տարի: 2017 թվականի սկզբին նրանց գումար էինք տրամադրել ու ոչ մի կոպեկ այդտեղից չէր ծախսվել տարվա ընթացքում : Հիմա նրանք էլի են ուզում: Ստացվում է, քաղաքապետարանի ծառայությունները չեն կատարել իրենց աշխատանքը՝ նրանք չեն հայտարարել տենդեր, աշխատանքը չեն կատարել և չեն վերահսկել: Հիմա այդ աշխատանքները թանկացել են: Մենք տեսնում ենք քաղաքապետարանի թույլ աշխատանքը: Մենք գնում ենք գյուղեր, մարդիկ բողոքում են: Քաղաքապետարանի աշխատակիցները արդարանում են, ասելով, որ ընկերությունները տուգանվել են », – ասում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: Ժամանակին աշխատանքները չկատարելու համար ընկերությունների տուգանքները մունիցիպալիտետում հիմնականում կազմում են 0, 002 տոկոս: Պատգամավորները գտնում են, որ այդ գումարը շատ քիչ է, որպեսզի ընկերությունները մտահոգվեն տուգանքներից: Սակրեբուլոյի նախագահն ասում է, որ իրենք արդեն գրավոր դիմել են քաղաքապետարանին տուգանքների չափերը մինչեւ 0,3% մեծացնելու պահանջով : Ծրագրերի հետաձգումը իր հետ շատ դժվարություններ է բերում: Պատգամավորները նշում են, որ ընկերությունները մնացած աշխատանքները չեն կարողանա իրականացնել այն գումարով, որը մնացել է տենդերային փաստաթղթերի համապատասխան: Անցել է երկու տարի , բոլոր ծառայությունները և շինանյութը թանկացել է: Բացի այդ, այս երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքն արդեն հնացել է, ու այդ պատճառով ոչ մի ընկերություն չի ցանկանա շարունակել աշխատանքը: Ըստ նախագահի տեղակալ Ջումբեր Լոմսաձեի, տենդերները շահում են ոչ պրոֆեսիոնալները: Բյուրոյում որոշվեց , որ բոլոր աշխատանքները, որոնք կազմում են 3000-ից մինչև 5 000 լարի, չֆինանսավորել տեղական բյուջեից, քանի որ այդ աշխատանքները հնարավոր է իրականացնել Օգնություն գյուղին ծրագրի միջոցներով: Կոմիտեներում քննարկումներից հետո լսումներ տեղի ունեցան բյուրոյի նիստում, հետո տեղի ունեցավ Սակրեբուլոյի լիագումար նիստը: Որոշվեց ետ ուղարկել 2019 թվականի բյուջեում փոփոխությունների փաթեթը, իսկ մնացածն ընդունված և հաստատված է: Շուշան Շիրինյան |