Արտագաղթ, գործազրկություն, սակավ հողեր, վաճառված արոտավայրեր և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, ամենօրյա այս հոգսերով են ապրում Ծալկայի շրջանի հայկական Օզնի գյուղում:
Ծալկայի շրջանն սկսվում է անմիջապես Փարվանա լիճն ու Փոկա գյուղն անցնելուն պես: Այստեղ, կողք-կողքի են գտնվում 12 հայկական գյուղերը:
Այս տարածքներում աշխուժություն և զարգացում նկատվեց այն բանից հետո, երբ վերանորոգվեց Նինոծմինդա-Թբիլիսի ճանապարհը: Աշխուժություն բերեց նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը: Սակայն այս աշխուժությունը սոցիալական տեսանկյունից տեղի բնակիչներին ոչ մի կերպ չառնչվեց: Տեղի բնակիչները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է աշխատել Ռուսաստանում: Արտագաղթը հայկական այս գյուղերում դեռևս ակտուալ խնդիր է: Երիտասարդները թողնում են ընտանիքները, հեռանում են հարազատ ծննդավայրից գործազրկության պատճառով: Գյուղում հիմնականում հանդիպում ենք տարեց մարդկանց և երեխաների:
Ծալկայի շրջանի 12 հայկական գյուղերը 10 դպրոց ունեն: Օզնի գյուղում ապրում է 140 ընտանիք: Հայկական դպրոցում ժամանակին սովորել է 265 աշակերտ, սակայն արտագաղթի պատճառով աշակերտների քանակը նվզել է: Այսօր Օզնիի դպրոց է հաճախում 95 աշակերտ: Դպրոցը վերջերս է վերանորոգվել USID-ի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ուսուցիչների խոսքերով 11 շրջանավարտներից 10-ը պատրաստվում է կրթությունը շարունակել Թբիլիսիում:
Ամենամեծ հողակտորը, որը մշակում են գյուղացիները, դա 1-1,5 հեկտար է կազմում: Հողի հիմնախնդիրը անհանգստացնում են Օզնի գյուղի բնակիչներին: Գյուղացիները հավաստիացնում են, որ գյուղը շրջապատող հողերը վաճառված են:
Այստեղ ընթանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը: Օբյեկտ է կառուցվում: Բնակիչների մի մասի պնդմամբ նավթի պահեստ է կառուցվում, իսկ մի մասի կարծիքով պոմպակայան:
«Կառուցում են մեր գյուղի արոտավայրերում: Գյուղացիների խնդիրը կայնաում է նրանում, որ փոխհատուցում են պահանջում հողերի դիմաց, իսկ նրանք չեն ուզում փոխհատուցում տան»,- ասաց Օզնի գյուղի բնակիչ Ռիմա Բադասյանը:
Օզնի գյուղի բնակիչներn ասում են, որ փոխհատուցման խնդրով դիմել են Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարություններ, սակայն պատասխան դեռ չեն ստացել:
«Մենք մի քանի անգամ գրել ենք նախարարություն, բայց պատասխան չենք ստացել: Արդեն անցել է 2-3 ամիս: Ինչպես գիտենք, այս հարցu որոշողը Ծալկան չէ, հարցը չի վերաբերում Ծալկային: Պետական որոշում է»,- ասաց Աբգար Սողոյանը:
Քրիստինե Մարաբյան