Վարևվան գյուղի ակումբը 2019 թվականին կբացվի: Այս տարի վերանորոգվել է գյուղական ակումբի շենքը, որը երկար տարիներ անմխիթար վիճակում էր: Հաջորդ տարի ակումբը պետք է գործի, սակայն 2019 թ. բյուջեում միջոցներ չի հատկացված:
Գյուղական ակումբի երկհարկ շենքը վերանորոգվել է այս տարի: Ընդհանուր՝ 61408 լարի գումարից, 58337 լարին ծածկվում է պետական բյուջեից, իսկ մնացածը` տեղական:
Ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանի խոսքերով, շենքը շատ հարմար է գյուղական ակումբի համար: Այն պատրաստ է շահագործման, սակայն տեղական իշխանությունները Վարևանի ակումբը ներգրավելով գործող ակումբների ցանկում, աշխատակցի համար գումար չեն հատկացրել:
«Մեր աշխատավարձը նախատեսվում է 10% -ով բարձրացնել ու ասում են, այդ գումարից աշխատավարձ հատկացրեք ակումբի աշխատակցին, իսկ մնացածը բաշխեք ակումբների միավորման աշխատակիցների միջև: Ստացվում է, որ մեր աշխատավարձը կավելանա 7 տոկոսով: Սակրեբուլոյում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մենք ներկայացրեցինք մեր պահանջները, այնտեղ էր նաև ֆինանսների վարչության պետը, ով ասաց, որ ինքն ուրիշ գումար չունի », – ասում է Ալիկ Քսպոյանը:
Ակումբի աշխատողի տարեկան աշխատավարձը կազմում է 2100 լարի: Առաջիկա տարում ակումբների միավորման բյուջեն կազմում է 148 000 լարի: Այս տարի այն 134 000 լարի էր:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ակումբների միավորմանը կից գործում է 32 ակումբ, և բոլոր ակումբներում աշխատում է մեկական մարդ, բացառությամբ Դիլիսկա գյուղի, որտեղ կա 2 աշխատող:
Վարևան գյուղի ակումբում 8 տարի է գործում է պարային խումբ, որը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և մրցույթների: Մինչ այժմ խումբը պարապել է գյուղի ծիսակատարությունների տանը կամ այլ վայրերում:
Նյութի լուսանկարը մեր արխիվից է, այն չի համապատասխանում գյուղական ակումբի ներկա տեսքին:
Շուշան Շիրինյան