Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհային ենթակառուցվածքների կարգավորման նպատակով իրականացվել է երկու խոշոր նախագիծ: Տեղական բյուջեի ֆինանսավորմամբ սկսված Բարալեթ-Կաջո(Կոչիո)-Բեժանո և Բարալեթ-Իխտիլա ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները ավարտվում են։
Ավարտին է հասցված Բարալեթ-Կաջո(Կոչիո)-Բեժանո ճանապարհի 2կմ 26մ հատվածը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասաց, որ արդեն ավարտին է մոտենում նաև Բարալեթ-Իխտիլա ճանապարհի ասֆալտապատումը։
“Բարալեթ-Իխտիլա ճանապարհի 3 կմ-ից ավել մինչև Մերենիա գյուղի կամուրջ ընկած հատվածի ասֆալտապատումը կավարտվի երկու օրվա ընթացքում”, – ասաց նա։
Ըստ Նահատակյանի այս տարվա մեջ կավարտվեն նաև Վաչիան գյուղի դպրոց տանող ճանապարհի և համար 15 զինվորական ավանի բակի ասֆալտապատումը։
“Վաչիան գյուղի դպրոց տանող ճանապարհի վերապատրաստման աշխատանքները արդեն արդեն ավարտվել են, մի երկու օր հետո երևի սկսենք ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես նաև ուզում ենք այս տարի ավարտին հասցնենք համար 15 զինվորական ավանի բակի ասֆալտապատումը”, – հավելեց Ալբերտ Նահատակյանը։
Բարալեթ-Կաջո(Կոչիո)-Բեժանո և Բարալեթ-Իխտիլա ճանապարհների ենթակառուցվածքների կարգավորման նպատակով ընդհանուր առմամբ, տեղական բյուջեից ծախսվել է 2 միլիոն լարի։
Գայանե Ակոջյան