Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում կկառուցվի կաթի վերամշակման գործարան: Շինարարությունը կսկսվի 2019 թվականին: Նախնական տվյալներով գործարանը օրական 10 տոննա կաթ կվերամշակի:

«Բարձր լեռնային շրջաններում պետական հողատարածքների արոտավայրերի ռացիոնալ օգտագործման» պետական ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի Կոթելիա, Դմանիսիի մունիցիպալիտետի Գանախլեբա և Ծալկայի մունիցիպալիտետի Տբեթ գյուղերում կաթի վերամշակաման կոոպերատիվ գործարաններ կկառուցվեն, որոնք էլ կսկսեն գործեն 2019 թվականին։

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասաց, որ Ախալքալաքում գործարանի կառուցումը կսկսվի գարնանը, շուտով տենդեր-մրցույթ կհայտարարվի։

«Կստեղծվի երեք կոոպերատիվ, յուրաքանչյուրը պետք է ունենա մինիմում 200 գլուխ կով: Օրական պետք է արտադրվի 10 տոննա կաթ։ Արտադրված կաթնամթերքը պետք է համապատասխանի եվրոպական չափանիշներին», – ասաց Ռամազ Գոգոլաձեն։

gorcaran

Յուրաքանչյուր գործարան օրական պետք է վերամշակի 10 տոննա կաթ։ Ծրագրով սահմանված չափանիշներով ձեռնարկատերը կոոպերատիվի 75%-ի համաֆինանսավորումը կփոխանցի երկրորդ մակարդակի կոոպերատիվին, որտեղ էլ միավորված երեք գյուղատնտեսական կոոպերատիվներից, յուրաքանչյուրը պետք է ունենա 200 գլխից ոչ պակաս անասուն։ Գործարանին 25%-ի վճարումը կոոպերատիվը կապահովի 8 տարվա ընթացքում, որից հետո էլ գործարանը կդառնա նրա սեփականությունը։

Գործարանները ապահոված կլինեն անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև պանրի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներով։ Գործարանները կապահովվեն կաթի շշալցման սարքավորումներով։ Հարկ է նշել, որ գործարաններում հնարավոր կլինի պանրի վրացական և եվրոպական տեսակի արտադրություն:

Պետական ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրին տրվում է հնարավորություն սննդամթերքի անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխան վերամշակել մթերքը և իրացնելով այն ստանալով ավելի բարձր եկամուտ։

Գայանե Ակոջյան