Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաների և մանկավարժների կատարմամբ, տրվեց դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ախալքալաքում շարունակվում են ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:
Երաժշտական դպրոցի համերգը տեղի ունեցավ երեկ, մայիսի 13-ին Ջավախքի Առաջնորդական Փոխանորդության դահլիճում:
Համերգը լսելու էին եկել տեղական իշխանության ներկայացուցիչները, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա՝ Տեր Տաթև Մարուքյանը, մասնակիցների ծնողները և այլ հյուրեր:
Համերգին հնչեցին Բախի, Բաբաջանյանի, Ամիրխանյանի, Ամիրբեկյանի,Ավետիսյանի,Սաբաձեի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգը տևեց մոտ մեկ ու կես ժամ: Երաժշտական համարները հաջորդվում էին հայ պոետների ստեղծագործություններով կամ ցեղասպանության մասին տեղեկատվությամբ:
Քահանա Տեր Տաթև Մարուքյանը շնորհակալություն հայտնեց երաժշտական դպրոցի կոլեկտիվին, համերգից ստացած բավականության համար: Որից հետո նա շնորհավորեց և մրցանակ հանձնեց «Իմ թուրք հասակակցին» թեմայով անցկացված շարադրության մրցույթի հաղթող, №1 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի՝ Քրիստինե Մուրադյանին:
Ելույթ ունեցավ նաև Ախալքալաքի շրջանի մշակույթի և երիտասարդների հարցերով բաժնի պետ՝Վալերի Ստելմաշովը: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց երեխաներին և մանկավարժներին համերգի համար:
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներն մի կողմից իրար նման են, սակայն յուրաքանչյուրն այն ներկայացնում է յուրովի: Մենք մեծ էսթետիկ բավականություն ստացանք դասական երաժշտությունից»,- ասաց նա:
Շուշան Շիրինյան