Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության նախաձեռնությամբ կվերանորոգվի Օրջա-Խանդո-Ալաստան-Կոկիո գյուղերը կապող ճանապարհը։
Օրջացիները և խանդոցիները տարիներ շարունակ սպասում էին ճանապարհի վերանորգմանը, նշելով, որ ամեն տարի նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստանում են նորոգել ճանապարհը, սակայն խոստումները անարդյունք են։ Վարորդները միշտ բողոքում են ճանապարհի խորդուբորդ վիճակից, ասելով որ վնասում են թանկարժեք մեքենաները։
Այս տարի մենք ևս մեկ անգամ անդրադարձել էինք այդ ճանապարհահատվածի վերանորոգման մասին, և Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը պատասխանել էր հետևյալը.
«Ես չեմ կարող ասել, այդ ճանապարհի ասֆալտապատումը այս տարի կլինի, թե ոչ, քանի որ ծրագիրը մեծ է։ Մենք դիմել էինք մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամին, որպեսզի նրանք իրականացնեին այս ծրագիրը: Նրանք աշխատում են դրամաշնորհների միջոցով, եթե նրանք հովանավորներ գտնեն, ապա կվերանորգեն, եթե ոչ, ապա մենք ստիպված կլինենք այն իրականացնել մի քանի փուլով», – ասել էր Ալբերտ Նահատակյանը:
Սակայն Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը տեղեկություն է տարածել, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր ճանապարհի վերանորգման աշխատանքները պետք է ավարտված լինեն։
Բնակիչները ստացան երկար սպասված հարցի պատասխանը, սյուն թվականի հոկտեմբերի 10-ին տենդեր-մրցույթ է հայտարարվել Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերը կապող ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8 558 մետր, վերանորոգման համար հատկացված գումարը կազմում է 3 083 573 լարի։
Աշխատանքները կավարտվեն 2019 թվականի նոյեմբերին։
Գայանե Ակոջյան