Վրաստանի ԿԸՀ-ը գրավոր դիմում է ստացել «Ազգային միասնական շարժում» կուսակցության կողմից, կապված Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանի 2012 թվականին նախկին զինվորական ավանում ստացած բնակարանի հետ:
Հոկտեմբերի 16-ին «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը բողոք-դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումը ներկայացվել է Լևան Բեժաշվիլիի ստորագրությամբ:
«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ 2012 թվականին Հասմիկ Մառանգոզյանին տված բնակարանն անօրինական է, և քանի որ այս հարցի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը տարել են Սակրեբուլոյից Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային դատախազությունը: Դրանից արդեն 6 տարի է անցել և այս գործի վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չկա, ի՞նչ որոշում են կայացրել, ի՞նչ են քննել, մենք տեղեկություն չունենք: 2013 թվականի հունվարին դատախազությունը փաստաթղթերը տարել է և այս ամենից ելենելով եզրակացնում ենք, որ դատախազությունը Մառանգոզյանի դեմ կոմպրոմատ ունի, ըստ որի շատ հեշտ է հնարավոր կառավարել այդ կնոջը: Քանի որ դատախազությունը պարզել է, որ փաստաթղթերը անօրինական են ուրեմն պետք է ինչ-որ մեկին պատժեր, իսկ եթե օրինական էր, ուրեմն վերոնշյալ փաստաթղթերը պետք է վերադարձվեր Սակրեբուլո»,- մեզ հետ զրույցում նշեց «Նոր Վրաստան» քաղաքական պլատֆորմի անդամ Թեոնա Ճալիձեն:
Սույն դիմումով «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է Հասմիկ Մառանգոզյանին զրկել լիազորություններից:
«Միջգերատեսչական հանձնաժոովը պահանջում է որպեսզի համապատասխան արձագանք լինի այս ամեն ինչին: Պահանջում ենք, որ Մառանգոզյանին զրկեն իր պարտականություններից, որվհետև այս կինը բազմաթիվ անախորշ պատմությունների մեջ է: Դուք տեղյակ եք, որ ինձ վիրավորելու համար քրեական գործ է բացված»,- ասաց Թեոնա Ճալիձեն:
Վրաստանի ԿԸՀ մամլո խոսնակ Անա Միքելաձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ ԿԸՀ-ն նման դիմում ստացել է, սակայն որևէ մեկնաբանություն այս պահին չի կարող տա, քանի որ դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում:
«Նոր Վրաստան» քաղաքական պլատֆորմը հայտարարում է, որ 2012 թվականի ընտրություններից հետո Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը բնակարան է նվեր ստացել «Վրացական երազանքի» կողմից: Մառանգոզյանը չի հերքում, որ բնակարան է ստացել, սակայն դա որևէ կապ չունի իր աշխատանքային գործնեության հետ:
2012 թվականի հոկտեմբերի 26-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի որոշմամբ բնակարան է հատկացվել, և Հասմիկ Մառանգոզյանի անունով է գրանցվել դեկտեմբերի 10-ին: Բնակարանը վաճառված է 2018 թվականի օգոստոսի 29-ին:
Աղունիկ Այվազյան