Ախալքալաքի գավառագիտական թանգարանը համալրվեց նոր նմուշներով և թանգարանը ունեցավ սենյակ, նվիրված 1915 թ. Հայերի Ցեղասպանությանը:
Այսօր, 2015թ. ապրիլի 24-ին, ժամը 14:00–ին Ախալքալաքում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված Հայերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գավառագիտական թանգարանում բացվեց ցեղասպանության թեմային նվիրված սենյակ:
Բացման արարողությանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, դպրոցի ուսուցիչներ և հասարակ քաղաքացիներ:
Բոլորին ուրախացրել էր այն փաստը, որ վերջապես Ախալքալաքի գավառագիտական թանգարանում բացվեց սենյակ, որտեղ ցուցադրված են Հայոց Ցեղասպանությանը վերաբերող ցուցանմուշներ՝ փաստաթղթեր, գրքեր, նկարներ: Չնայած դեռ նմուշները այդքան էլ շատ չեն, սակայն ղեկավարությունը հուսով է, որ հետագայում դրանք կլրացվեն:
Թանգարանի նմուշների մեջ կային Ջավախքի հինգ հայ վրիժառու կանանց լուսանկարներ, ջավախքահայերի լուսանկարներ, ովքեր պայքարել էին երիտթուրքերի արշավանքների դեմ, վեց անվանի ջավախքցիների լուսանկարներ և այլ տարբեր գրքեր:
Թանգարանում ցուցադրված էր նաև 1995 թվականի Կանադայի պուրիտանական հունական համայնքի դիմումի պատճենը, որտեղ նրանք դիմում են Վրաստանի հույն համայնքին, որպեսզի միասին պայքարեն և դատապարտեն 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից կատարված հայերի ցեղասպանությունը:
Նմուշները թանգարանին տրամադրել էր Ախալքալաքի բնակիչ՝ Հակոբ Մանուկյանը:
«Երբ ինձ մոտ մտահղացում առաջացավ թանգարանում բացելու ցեղասպանությանը նվիրված սենյակ, ես արդեն գիտեի, որ նա ուներ ցուցանմուշներ և պատրաստ էր նրանք մեզ տրամադրելու: Նա այդ բոլորը ժամանակին հավաքել էր: Կանադայի հույների համայնքի դիմումի պատճենը նույնպես նա է տվել մեզ»,- ասաց «Նոր Ակունք» թերթի խմբագիր՝ Մելս Թորոսյանը:
Սենյակի վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել էր 6400 լարի:
Թանգարանի մյուս սենյակում անցկացվեց փոքրիկ համերգ: Համերգին մասնակցեցին Ախալքալաքի բոլոր դպրոցների և Չամդուրա գյուղի աշակերտները, ինչպես նաև աշուղական դպրոցի սաները, որոնք երգեցին, պարեցին, նվագեցին դուդուկ և արտասանեցին ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններ:
Հավաքվածներին շատ հուզեց Ախալքալաքի վրացական դպրոցի աշակերտների ելույթը: Աշակերտուհիներից մեկը հայերեն լեզվով ցեղասպանության վերաբերյալ բանաստեղծություն արտասանեց, հետո նրանք երգեցին, իսկ վերջում դպրոցի ուսուցչուհի՝ Լեյլա Թելիաշվիլին արտասանեց սեփական ստեղծագործությունը:
«Մեզ համար միևնույն չի: Դա նաև մեր դժբախտությունն է: Մենք ուրախ ենք, որ իրար սիրում ենք»,- ասաց Լեյլա Թելիաշվիլին:
Ելույթ ունեցավ նաև Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը: Նա իր ելույթում ասաց, որ եթե ժամանակին միջազգային հանրությունը ճանաչեր և դատապարտեր Հայերի Ցեղասպանությունը, ապա չէին լինի մյուս ցեղասպանությունները:
Գրող, «Վերնատուն» հայ գրողների միության անդամ՝ Մկրտիչ Քթոյանն իր նոր «Ջավախք, անցյալի էջեր» վերնագրով գիրքը նվիրեց թանգարանին:
Շուշան Շիրինյան