Ապրիլի 24-ին Ջավախքում ընթանում են Հայոց ցեղասպանության 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակի և ոգեկոչման արարողություններ:
Առավոտյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության մասին պատմող նկարների ցուցահանդես բացվեց եկեղեցում: Վաղ առավոտից Ախալքալաքի եկեղեցու բակում Հայոց Ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթող էին այցելում հազարավոր ջավախքցիներ: Ծաղիկներ խոնարհում սուրբ նահատակների հիշատակին:
Հայոց Ցեղասպանության հուշակոթող խաչքարի մոտ գրական-գեղարվեստական կատարումներով հանդես եկան ոչ միայն հայկական դպրոցների սաները, այլ նաև վրացական: Նրանք նախ վրացերեն լեզվով հակիրճ պատմեցին Հայոց Ցեղասպանության և «Նեմեսիս» գործողության մասին, այնուհետև արտասանեցին հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատնից» հատվածներ:
1915 թ.-ի սուրբ նահատակների հիշատակին ծաղիկներ խոնարհեց նաև Ախալքալաքի Վրաց Եկեղեցու սպասավոր Հայր Ալեքսանդրը:
Ախալքալաքի Մշակույթի տան դիմաց ելույթ ունեցավ «Ջավախք» ազգագրական երգի ու պարի համույթը:
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի դպրոցականներն ու երիտասարդները քայլերթով հասան Ախալքալաք և միացան հազարավոր ջավախքցիներին, ովքեր իրենց խոնարհում էին բերում 1,5 մլն սուրբ նահատակներին:
Առավոտից անդադար տեղացող ձյունը Ջավախքում չխանգարեց տարբեր հիշատակի և ոգեկոչման արարողություններ անցկացնել:
Աղունիկ Այվազյան