Այսօր երեկոյան Ախալքալաքում սկսվեց ջահերով երթ:
Նախ ջահակիրները Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, հայկական և վրացական դրոշներով, «Ճանաչում, դատապարտում, հատուցում» վանկարկելով շարժվեցին դեպի Վրաց եկեղեցի, որտեղ նամակ հանձնեցին Վրաց Միտրոպոլիտին: Այնուհետև երթի մասնակիցները Ազատության փողոցով շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի: Ճանապարհին Վարչության շենքի մոտ երիտասարդները մի պահ կանգնեցին, շրջվեցին դեպի շենքը և միաձայն բացականչում էին «ամոթ», քանզի Ախալքալաքի տեղական իշխանությունները այդպես էլ ապրիլի 24-ը չընդունեցին Հայոց Ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օր:
Ջահերով երթի հաջորդ հանգրվանը Սուրբ Խաչ եկեղեցին էր: Սրբադասման ավարտին ինչպես Ջավախքի բոլոր, այնպես էլ Սուրբ Խաչ եկեղեցու զանգերը խորհրդանշական հարյուր անգամ ղողանջեցին, որից հետո Ջավախքի առաջնորդը եկեղեցուց կրակը փոխանցեց ջահակիրներին:
Ի տարբերություն մյուս տարիների, այս տարի երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ախալքալաքի բերդ: Սուրբ Խաչ եկեղեցուց երթն առաջնորդեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Այնուհետև Երիտասարդական կենտրոնի անդամ Արմեն Գրիգորյանը կարդաց ջահակիրների պահանջը և կոչ արեց Վրաստանի իշխանությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ելույթնեեր ունեցան նաև Տեր Տաթև քահանա Մարուքյանն ու Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:
Ավարտին ջահակիրները շուրջպար բռնեցին:
Աղունիկ Այվազյան
Քրիստինե Մարաբյան