«Զորի Զորյան» երիտասարդական միության երիտասարդները ջահերով երթի ժամանակ ապրիլի 23-ի երեկոյան ներկայացրին իրենց պահանջները:
Ջավախքում՝ և Ախալքալաքում, և Նինոծմինդայում ջահերով երթի կազմակերպիչներն էին «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները: Ամենուր իրենց երթը ուղղված էր նոյն նպատակին՝ հարգել 1915թ.-ի անմեղ նահատակների հիշատակը և պահանջատիրական ձայնը բարձրացնել:
Ախալքալաքի բերդում երեկ երեկոյան երիտասարդական միության անդամ Արմեն Գրիգորյանը կարդաց իրենց պահանջը: Ասելով, որ Հայոց ցեղասպանությունը ընդմիշտ կմնա հայի գաղափարում, նա դիմեց բոլորին.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր, երբ Հայոց Ցեղասպանության 100 տարին այլևս իրողություն է, և համամարդկային ճանաչման շեմին, որի վկայությունն է աշխարհի բազում երկրների, միջազգային կազմակերպությունների ճանաչման և դատապարտման փաստը, 2015 թվականի ապրիլի 12-ի վենետիկյան աշխարհացունց իրադարձությունը, որի ալիքը շատ արագ հասավ Բրյուսել ու դեռ շարունակվելու է, մենք հավատացած ենք, որ շատ շուտով արյունախում Թուրքիան մնալու է միայնակ ու ծնկի գալով աշխարհի համամարդկային արդարացի պահանջի, պատմության անհերքելի փաստերի և ամենակարևորը՝ համայն հայության պահանջի առաջ՝ ստանալու է իր արժանի պատիժ ու հատուցելու է:
Մենք՝ «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամներս, վերջերս նամակով դիմել էինք Սամցխե -Ջավախք տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ապրիլի 24-ը Ցեղասպանության օր ընդունելու, Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու պահանջով, որը պետք է քննարկվեր Վրաստանի խորհրդարանում, առ այսօր պատասխան չունենք: Այսօր «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամներս, պահանջում ենք մեր երկրից՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք ճանաչելով Ցեղասպանությունը միանում են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարին:
Մենք՝ երիտասարդներս, ցեղասպանության ոճիրը՝ նպատակաուղղված ջնջել հայի հավաքականությունը, ուրանալ գոյության իրավունքը, այս մոտեցումով ըմբռնելով Եղեռնը, հավատալով արդար և ամբողջական խաղաղության հաստատմանը, որը կիրագործվի այն ժամանակ, երբ վերջ կտրվեն բոլոր տեսակի բռնություններին և կապահովվեն մարդկային իրավունքները, պահանջում ենք ամբողջ աշխարհից՝ ճանաչման ու հատուցման համար, եթե ոչ՝ Ցեղասպանությունը նոր ոճիրներ կծնի համայն մարդկության համար», – նշեց նա:
Աղունիկ Այվազյան