Ախալքալաքում ամենամյա ապրիլ 23-յան ջահերով երթը սկսվեց «Զորի Զորյան» Երիտասարդական միությունից: Երթի մասնակիցները Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով շարժվեցին դեպի Վրաց եկեղեցի, որտեղ եկեղեցու դարպասների մոտ երիտասարդներին դիմավորեց Հայր Ալեքսանդրը և նամակն ընթերցելուց հետո խոստացավ այն փոխանցել Վրաց եկեղեցու մետրոպոլիտ Նիկոլոզին:
Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.
«Մենք՝ Ախալքալաքի «Զորի Զորյան» Երիտասարդական Միության և Երիտասարդական Կենտրոնի ներկայացուցիչներս, մեր և մեր Միությունների անունից խնդրում ենք՜ Ձեր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում միջամտեք, որ Վրաստանի խորհրդարանում քննարկման դրվի և ընդունվի որոշում.
1. Ապրիլի 24-ը որպես Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օր
2.Վրաստանը, որպես նույն հավատքի պատկան երկիր, հայ ժողովրդի դարավոր բարեկամ ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը, որով կհամալրի այն երկրների շարքը, որոնք ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը, միանում են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարին:
Հուսով ենք, որ Դուք օգտագործելով Ձեր իրավունքներն ու հնարավորությունները, կօժանդակեք մեր խնդրանքներն իրականացնելուն»: