Ապրիլի 20-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում կանգնեցվեց Հայոց Ցեղասպանության եղեռնազարկ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար:
Kulikam1
«Գարուն ա, ձուն ա արել…»` Սևակի այս տողերով սկսվեց Կուլիկամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Ապրիլի 20-ը ձյունառատ էր Ջավախք աշխարհում, սակայն դա չխանգարեց, որպեսզի այս գողտրիկ անկյունում վեր խոյանար Հայոց ցավի լուռ վկան:
Kulikam8
Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի փոխանորդի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման պատմական արարողություն: Եղեռնազարկ միլիոնավոր հայորդիների հիշատակը հավերժացնող այս խաչքարը կանգնեցվեց Սուրիկ Մարաբյանի բարերարությամբ:
Kulikam3
«Կուլիկամցիներն, իրենց մեջ ունենալով Սուրիկ Մարաբյան բարերարը կանգնեցրին այս խաչքարը: Խաչքար, որն անընդհատ հիշեցնելու է Հայոց Ցեղասպանության բյուր նահատակներին: Մատաղ սերունդներին հիշեցնելու է հայրենազուրկ եղած հային»,- իր խոսքում ասաց Ջավախքի հոգևոր առաջնորդը:

Կուլիկամցիներն իրենց խոնարհումն էին բերում անշիրիմ նահատակների հիշատակին: «Հիշեմկը ու պահանջեմկը», «Անցյալն աղմկում է», «Կրկին ապրիլ է» կարգախոսերով ցուցապաստառներով երեխաները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում մարդկությանը:
Kulikam
«Ինչպես Շիրազն է ասում Հայոց Դանթեականի մեջ. «Եթե Եղեռնից հետո մեկ կույս էլ մնար, ապա քսվելով հայոց որձաքարերին այդ ազգը կծնվեր»: Այսօր մեր պարտքն է, ոչ թե սգալ, այլ պահանջել: Մենք հասնելու ենք նրան, որ գալիք սերունդը խաչքարերի փոխարեն հաղթակամարներ կառուցի»,- իր խոսքում նշեց բարերար Սուրիկ Մարաբյանը:
Kulikam4
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծիրում Ջավախքի տարբեր անկյուններում վեր է հառնում խաչքար-հուշակոթողներ: Խաչքարերի միջոցով ջավախքցին իր արդար բողոքն է հղում քաղաքակիրթ մարդկությանը:
Kulikam2
Աղունիկ Այվազյան