Ապրիլի 19-ին, Ախալքալաքի շրջանի Էխտիլա գյուղում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարիլիցին ընդառաջ տեղի ունեցավ միլիոն ու կես նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացում:
Էխտիլա գյուղը մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու և ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Էխտիլա գյուղի խաչքարը կանգնեցվել է Ներսես, Նաիր, Հակոբ և Միսակ Դեմուրճյան եղբայրների բարերարությամբ:
Խաչքարը Ջուղայի ջարդված, ոչնչացված խաչքարերի կրկնօրինակն է: Սա ևս իր խորհուրդն ունի: Բարերարի խոսքերով այս խաչքարով Էխտիլա գյուղի բնակչությունն աշխարհին ասում է. «Ինչքան էլ ջարդեք, ոչնչացնեք ու այրեք, միևնույն է հայն իր մշակույթը, իր տեսակը ու ես-ն ապրեցնում է: Ապրում ենք, որ «ապրեցնենք» Դեր Զորի անապատներում սովալլուկ եղած հայ մանուկներին, այն նահատակներին, ովքեր հանուն հավատքի չընկրկեցին նույնիսկ մահվան դեմ»,- ասաց բարերար Ներսես Դեմուրճյանը:
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից, Վրաստանից, Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչներն ու Ջավախքի հոգևոր դասը, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:
Խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վրդ Սալբիյանի:
Էխտիլա գյուղի դպրոցի բարձր դասարանների սաները հայկական եռագույնի՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով վերնաշապիկներով պատվո պահակ էին կանգնել դեպի հուշարձան-խաչքար տանող ճանապարհին: Խաչքարի բացման արարողության ավարտին գեղարվեստական միջոցառմամբ հանդես եկան դպրոցահասակ երեխաները:
Էխտիլա գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս, ծ.մ. 1695-1740մ բարձրության վրա։ Այժմյան տվյալներով գյուղում բնակվում է 322 ընտանիք։
Աղունիկ Այվազյան