Ապրիլի 18-ին, Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում կատարվեց երկու պատմական իրադարձություն՝ օծվեց Սուրբ Խաչ եկեցեցու նոր զանգը և Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար կանգնեցվեց:

Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նոր զանգի օծման արարողություն ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի:

9

Այնուհետև մանուկների ձեռքով հնչեցվեց նորաօծ կոչնակի 100 ղողանջները, որոնք խորհրդանշում էին Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

1

Խանդոցիները քայլերթով շարժվեցին դեպի գյուղի այգի, որտեղ վեր է խոյանում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը: Այն կանգնեցվել է գյուղի երիտասարդության կողմից, իսկ խաչքարի հեղինակն է քանդակագործ Սոս Հակոբյանը:

3

Բացման արարողությանը ներկա էին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ինչպես նաև Ջավախքի իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, մանկավարժներ և այլք:

6

Խաչքարի օծման սրբազան արարողության ավարտին ելույթ ունեցավ պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
«Ջավախքցիներս երկու եղեռնագործություն ենք տեսել, մեկը 1918-ի մայիսին էր երիտթուրքերի կողմից, այն նույն երիտթուրքերի ովքեր 1915-ին տնավեր էին արել մեր արևմտահայությանը, ապա երեք տարի անց մտել են նաև Ջավախք՝ մեզ արմատախիլ անելու: 80 000-ից 40 000 ջավախքցիներ, որ բռնել էին գաղթի ճանապարհը այդ արշավանքի արդյունքում նահատակվեցին Բակուրիանիի անտառներում և Ծալկայի շրջակայքում: Այսօր ուրախալի է, որ գոնե այդ 40 000-ի հիշատակը մարմնավորված է նաև այս խաչքարի մեջ՝ մեկ ու կես միլիոն հայերի հետ մեկտեղ: 1921 թվականի փետրվարին Ախալքալաքի գավառը երկրորդ անգամ այսպիսի արհավիրքի ենթարկվեց, արդեն քեմալականների կողմից: Նրանք ներխուժեցին Ջավախք դարձյալ հարավից, Գումբուրդո գյուղում մեր հայրենակիցները հերոսական դիմադրություն կազմակերպեցին, որից հետո օղակի մեջ վերցնելով գյուղացիներին, 200 երիտասարդների սրախողխող արեցին և լցրին ջրհորը»,- իր խոսքում նշեց պատմաբանը:

10

Միաժամանակ ավելացնելով, որ ջավախքցին գեհեն է տեսել, սակայն այսօր ուղղել է իր միտքը դեպի ապագա, ուղղել է մեջքը և հպարտ կանգնած իր հողի վրա:
«Ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ «21-րդ դարը մերն է լինելու»: Մենք երբեք չենք խոնարհվելու, արժանապատվութունը վեր է մեզ համար ամեն ինչից, ահա այս արարողությունը դրա մի վկայությունն է: Սա իր մեջ պարունակում է շարունակականության խորհուրդ: Մեքն հավերժ ենք, մենք երբեք չենք ընկրկելու, մենք երբեք չենք հանձնվելու և այդ շարունակական խորհուրդը մենք պիտի ապրեցնենք, որովհետև այն մանուկները որոնք հնչեցրին Սուրբ Խաչ եկեղեցու զանգը, այդ նույն զանգը մեկ ու կես հարյուրամյակ առաջ հնչեցնում էին Խաչկավանքում (խանդոցիների մի մասն արմատներով Խաչկավանքից է): Ահա այդ զանգը, որ պիտի հնչի՝ կհնչի նաև Խաչկավանքի Սուրբ Խաչ եկեղեցու փոխարեն», – եզրափակեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Այնուհետև Խանդո գյուղի դպրոցի սաները հանդես եկան Հայոց Ցեղասպանության ահասարսուռ դրվագները պատմող գրական-գեղարվեստական միջոցառմամբ:

8

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը և քաղաքակիրթ մարդկությունն այս օրերին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իր բողոքի ձայնն է բարձրացնում և դատապարտում 20-րդ դարասկզբին հայ ազգի դեմ գործած ցեղասպանությունը:
Ջավախահայությունը ևս լինելով կոտորածներից վերապրած սերունդների ժառանգներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հանուն արդարության ու ճշմարտության: Հուշարձան-խաչքարերի տեղադրմամբ ջավախքցին հիշում և ոգեկոչում է 1,5 միլիոն նահատակներին:

7

Աղունիկ Այվազյան