Այսօր, «Վրաստանի հայ համայնքը» տարածեց հայտարարություն, որում Վրաստանում գործող հայկական հոգևոր և աշխարհիկ հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, որպեսզի Վրաստանում սկսվեն 1915-1923թ.-ին հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումները:
Տվյալ դիմումը ուղղված է նաև Վրաստանի Նախագահին և Վարչապետին: Դիմումում մասնավորապես ասվում է.
«1915-1923թթ.-ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:
Դեռևս 1915թ.-ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել: Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ.-ի մշակած և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերի 11-ին Վրաստանը վավերացրեց այդ կոնվենցիան:
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 46-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն:
Մենք ներքոստորագրյալ, Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»:
Վրաստանում գործող հայկական աշխարհիկ հասարակական և հոգևոր կազմակերպությունները նաև կոչ են արել Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հայ երեք պատգամավորներին` ներկայանալ համատեղ հայտարարությամբ և կոչ անել Վրաստանի Խորհրդարանին առաջիկա նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել 1915-23թթ.ի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները արդեն 10-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ.ի Ցեղասպանության փաստի` Վրաստանի կողմից պաշտոնական ճանաչման խնդրանքով, սակայն իշխանությունն ոչ մի անգամ այս հարցին պաշտոնապես չի անդրադարձել:
Տվյալ դիմումը ստորագրել են՝ Վիրահայոց Թեմը, Վրաստանի Հայ Համայնքը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութա-լուսավորչական Կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը, Թբիլիսիի պետական Հայկական Թատրոնը, Աջարիայի հայերի Միությունը, «Վրաստան» թերթը, Վիրահայերի Միությունը, Թբիլիսահայերի Վեհաժողովը, Թբիլիսահայերի Միությունը, Ախալցխաի Երիտասարդական Կենտրոնը՝ ընդամենը 30 կազմակերպություններ և մտավորականության ներկայացուցիչներ՝ Գիվի Շախնազարը, Անահիտ Բոստանջյանը և այլոք: