Ապրիլի 15-ին, Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը:
Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:
Aravot.am հաղորդմամբ, նիստի ժամանակ ելույթ ունեցողների ճնշող մեծամասնությունը պահանջում էր Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Այսպես, բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»:
Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածը անվանեց ցեղասպանություն ու շեշտեց. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»: Մեկ այլ գերմանացի պատվիրակ Ֆլեքենշթեյն Կնուտը հայտարարեց, որ ցեղասպանությունը պետք է կոչել իր անունով: «Դա պետք է ընդունի նաև Թուրքիան: Ես Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում հրատապ ու ճիշտ քայլեր ձեռնարկել: Իհարկե, գիտակցում եմ, որ պատմության հետ առերեսվելը բարդ բան է, բայց դա կարևոր է միջազգային հարաբերություններ կառուցելու տեսանկյունից»:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ Թուրքիային առաջարկում էր. «Պետք է որպես դիվանագիտական ժեստ Թուրքիան բաց անի սահմանը»:
Իսկ Կիպրոսի ներկայացուցիչ Հաջիգորգուս Թակիսը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց. «Ուզում եմ ուշադրության հրավիրել բոլորի ուշադրությունը այդ փաստի վրա: Նաև նշեց, որ Թուրքիան չի կարող արհամարհել ողջ միջազգային հանրությանը, որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե ուզում է ԵՄ անդամ դառնալ, պետք է լուծի քրդերի, հայերի և հույների հետ իր խնդիրները»:
Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:
Նյութը արտատպված է armeniangenocide100.org կայքից