Հռոմի Ֆրանցիսկոս պապը Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացումն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի», – հայտարարեց Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ:
«Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանաորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք սրտի, դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասաց Հռոմի պապը:
Նրա խոսքով` մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուններն են նացիզմն ու ստալինիզմը:
Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն սփռելուց, թվում է, թե մարդկային տանիքը մերժում է սովորել իր սխալներից և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:
Պատարագի ընթացքում պապը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պապը ողջունեց նաև իր եղբայր պատրիարք եպիսկոպոսներին` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին: «Ողջունում եմ այն համոզմունքով, որ չարիքը չի գալիս բարի Աստծուց, այլ արդյունքն է մարդկային դաժանության: Երբեք դաժանությունը չպետք է արդարացվի Աստծու անունով: Մեր աչքերը հառենք բարձրայրալին, ով հաղթել է չարիքին և մահվան»,- իր խոսքը եզրափակեց Հռոմի պապը:
Նյութը արտատպված է armeniangenocide100.org կայքից