Ապրիլի 23-ին՝ հանրային ընդվզման 11-րդ օրը, Հանրապետության հրապարակում, Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց մեկնարկել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը: Այն սկսվեց պաշտոնաթող վարչապետի հայտարարության ընթերցմամբ:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սարգսյանի հրաժարականին, նա գրել է՝ «դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի: Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ»:

Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքական նոր իրավիճակում` Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ստորագրել, որն ընդունվել էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, իսկ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և շարժման մի քանի այլ անդամներ ազատության մեջ էին:

13

Ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանը կիսատ թողեց իրենց հանդիպումը եւ հեռացավ, «այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ այլեւս հեռացել է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնից»:

«Այսօր Հայաստանում կա նոր իշխանություն, որի անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ», – ասել է Փաշինյանը:

«Երբ ինձ խցում սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հեռանա հոկտեմբերին: Երկու ժամից առաջարկեցին, որ հեռանա մեկ ամսից: Ավելի ուշ առաջարկեցին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի բոլոր առաջարկները եւ արեցի սեփականը՝ ձեր անունից. նա պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, եւ նա դա արեց», – պատմել է պատգամավորը:

14 Լուսանկարը՝ ֆոտոլուրի

Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը իրենց օրակարգի առաջին կետն էր միայն:

«Քայլ երկրորդ՝ ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, եւ դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո կձեւավորվի ժամանակավոր կառավարություն: Այնուհետեւ հնարավոր ամենաշուտ ժամկետներում պետք է կայանան արտահերթ ԱԺ ընտրություններ», – ասել է Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին կշարունակի իշխանության փոխանցման շուրջ բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ եւ անվերապահ կճանաչի ժողովրդական թավշյա հեղափոխության հաղթանակը: Այն չի կարող կիսատ մնալ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

12

Հիշեցնենք, որ Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին՝ նրա վարչապետության դեմ բազմահազար ցույցերի 11-րդ օրը։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է նա։