24-ամյա կարծախցի Վալոդյա Չոբանյանը փոքր հասակից զբաղվում է արհեստագործությամբ, նա կերտում է փայտյա և մետաղյա իրեր, որոնք երազում է տեսնում։
Վալոդյան դպրոցական է եղել, երբ իր մեջ հայտնաբերել է տաղանդ և սկսել զբաղվել արհեստով։
«Փոքր էի, երբ սկսեցի տարբեր իրեր պատրաստել, առաջին իրը, որ պատրաստել եմ, կախազարդ էր, որը ընկերոջս նվիրեցի։ Ամեն անգամ դասերից փախչում էի, որ գայի տուն ու շուտ պատրաստեի ցանկացածս իրը»:
Սկզբնական շրջանում նա կերտել է փոքր իրեր, ինչպիսիք են փայտյա կախազարդեր, հայկական և վրացական փոքր եկեղեցիներ, իսկ հիմա նա պատրաստում է մետաղյա իրեր: Առաջինն է արծիվը, որի վրա նա հիմա է աշխատում։
«Ես ամեն ինչ, ինչը կերտում եմ, տեսնում եմ իմ երազներում։ Առավոտյան արթնանում եմ, սկսում եմ աշխատանքս, վերարտադրելով նույն իրը, որը երազում եմ տեսել»։
Վալոդյան երկու ամիս Երևանում արհեստագործությամբ է զբաղվել, սակայն հետ է վերադարձել հայրենի գյուղ: Նա ամեն տարի մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, քանզի այս աշխատանքով չի կարող ընտանիքը պահել։
Վալոդյան հիմա զբաղված է Խոսպիոյի նորակառույց եկեղեցու համար մեծ մետաղյա խաչի պատրաստման աշխատանքներով։
«Ընկերներս են դիմողները, նրանք պատրաստման համար անհրաժեշտ նյութեր են բերել»։
Ընկերների և բարեկամների համար Նա նաև հարսանյաց սեղաններ է ձևավորում անվճար:
Վալոդյա Չոբանյանը իր աշխատանքների համար արժանացել է մրցանակի և գովասանագրի։
Գայանե Ակոջյան