Լույս է տեսել 90-ամյա Մկրտիչ Քթոյանի առաջին գիրքը՝ «Ջավախք, անցյալի էջեր», ևս 12 գիրք նա պատրաստել է հրատարակման համար:
Դռան շեմին մեզ դիմավորում է Մկրտիչ պապին, ներս է հրավիրում ու առանձնակի ոգևորությամբ սկսում պատմել, միաժամանակ ավելացնելով՝ «պարոն չասեք, ինձ բոլորը հարգելի Քթոյան են ասում»:
Հարգելի Քթոյանը, չնայած իր 90-ամյա պատկառելի տարիքին, իրեն երիտասարդ է զգում: Աստծո ամեն առավոտ Մկրտիչ պապը 4-5 կմ քայլում է մաքուր օդին, առողջ է, որովհետև, ինչպես ինքն է ասում սնվում է ավանդական ջավախքյան ճաշատեսակներով: Ջերմությամբ է խոսում իր ընտանիքի մասին, սակայն երբ խոսքը գնում է կնոջ մասին արցունքն աչքերին արտասանում է.
Ախ ինձ համար աշխարհ եկար, երազի պես
Սիրտս քնքուշ սիրով լցրիր, երազի պես
Որպես ասուպ եկար անցար, երազի պես
Կյանքս տարար, սերս էլ հետը, երազի պես:
Մեզ պարուրած այդքան խոսուն լռությունն ընդհատվում է. «Ես կնոջս շատ էի սիրում» խոսքերով:
Անդրադառնալով «Ջավախք, անցյալի էջեր» գրքի տպագրությանը, Քթոյանը նշում է. «Ես Ջավախքի պատմությունը շատ եմ սիրում, իմ ծնողները Ջավախքի ջատագովներն են եղել: Մայրս կրթված կին է եղել, ինձ անընդհատ պատմել են այն ժամանակների դեպքերն ու սովորույթները: Ես էլ որոշեցի գրի առնել ամեն ինչ»:
Հեղինակից 20 տարի է պահաջվել գիրքը գրելու համար, նույնքան էլ ստիպված է եղել սպասել տպագրության համար: Գիրքը պետք է հրատարակվեր դեռևս 1988-ին, 3000 տպաքանակով: Սակայն ինչպես հեղինակն է նշում քաղաքի սևասիրտ մարդիկ զրպարտել են իրեն և տապալել գրքի հրատարակումը: Հետագայում արդեն սովետական կարգերն են փլուզվել և ամեն ինչ դարձել փողով, այդպիսով անհնարին դարձել գրքի տպագրությունը:
Այժմ գրքի հրատարկմանը օժանդակել է Վրաստանի հայ գրողների միությունը՝ «Վերնատունը»: Գրքում հեղինակն անդրադարձ է կատարում պատմական այն իրողություններին, որոնք լսել է իր ծնողներից և ականատես է եղել իր ապրած տարիների ընթացքում:
«Ամբողջը գրի եմ առել: Օր. Ախալքալաքը եղել է անծառ տեղ, առաջին ծառատունկը կազմակերպել է գավկոմի առաջին քարտուղար Եսայան Անահիտը: Իմ երազնաքն իրականություն դարձավ: Ես կուզեմ, որ իմ գրվածքները բոլորը լույս տեսնեն և մարդիկ իմանան Ջավախքի իրական պատմությունը»,- ասաց գրքի հեղինակ Մկրտիչ Քթոյանը:
Քթոյանը բազմաժանր գրող է՝ քառյակներ, ֆելետոններ, անեկդոտներ, վիպակներ, առակներ, ասույթներ, պատմվածքներ և այլն: Տպագրության իրենց հերթին են սպասում ևս 12 հատոր տարբեր ժանրերի գրքեր:
Գիրքը կարդացողները ամբողջական ու մանրակրկիտ պատկերացում կարող են կազմել Ջավախքի կյանքի ու կենցաղի մասին: Նրա ստեղծագործությունների մի մասը տարբեր ժամանակներում, տարբեր թերթերում հրատարակվել է:
90-ամյա Քթոյանը այսօր ծիծաղով հիշում է. «Մի անգամ թերթում հրատարակեցի «Երբ ասպարեզում կատու չկա, ճստան մուկիկն իշխան կդառնա»: Ատեկայի ղեկավարի մոտ կարդացել էին, նա ձեռքը սեղանին էր խփել ու ասել Քթոյանի մերը, իմ մասիս է գրել»:
Քթոյան մանկավարժ, գրող, նկարիչ-ձևավորող, հրապարակախոսը ցավով նշում է. «Ջավախքն այսօր շինարարական առումով բարգավաճում է, սակայն դպրոցներում ուսումնական պրոցեսը սարսափելի վատ վիճակում է, աշակերտները հասարակ բաներ չգիտեն, չեն ընթերցում: Այս ամենի պատճառը անհոգությունն ու նորագույն տեխնոլոգիաներն են: Զարմանալի է, բայց մարդկանց ուսումը հետաքրքիր չէ, իսկ ուսումը մարդկանց կյանքի հիմքն է: Իմ կյանքը շարունակ պայքար է եղել: Հարգանքը պարտադրանքով չեն նվաճում, այլ վաստակով են նվաճում»:
Մկրտիչ Վահրադի Քթոյանը ծնվել է 1925-ին Ախալքալաքի շրջանի Մարտունի գյուղում: 1942-ին ավարտել է Ախալքալաքի հայկական միջնակարգ դպրոցը: 1942ին աշխատել է շրջանային ռադիոկոմիտեի նախագահ: 1943-ին զորակոչվել է գործող բանակ: 1944 աշխատել է շրջանի Կարտիկամ գյուղի դպրոցում, որպես զինղեկ: 1946-ին Ախալքալաքի շրջժողկրթբաժնի կուլտլուս տեսուչ, վրացական մանկավարժական ուսումնարանի և ռուսական միջնակարգ դպրոցների ուսուցիչ: 1947 շրջգործկոմի կուլտլուս աշխատանքի բաժնի վարիչ:
1949ին ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1954 աշխատել է Խավեթ, ապա Աբուլի դպրոցներում, որպես ուսմասվար: 1956 Ախալքալաքի պիոներ դպրոցականների տան տնօրեն: 1958-1966 աշխատել է քաղաքի հայկական, ռուսական դպրոցների ուսուցիչ, ուսմասվար, միջդպրոցական արհեստանոցի վարիչ: 1966 հիմնադրել է Ախալքալաքի գավառագիտական թանգարանը: 1969-1976 աշխատել է պրոֆտեխուսումնարանի վարիչ, հեռակա միջնակարգ դպրոցի տնօրեն, Ախալքալաքի պրոֆտեխուսումնարանի տնօրեն: 1976 Ճոբարեթի պիոներական ճամբարի պետ: 1986 Ախալքալաքի ավտոմոբիլային դպրոցի պետ: 1991ին անցել է կենսաթոշակի 15 տարի ուսուցչություն անելուց հետո՝ վաստակած հանգստի:
Աղունիկ Այվազյան