Այսօր, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում հայտարարվեց, որ Ախալքալաքի կարտոֆիլի իրացման խնդիրը լուծման փուլում է:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հանդիպում ունեցան գյուղերի լիազորների, մասնագետների, պատգամավորների և հասարակ բնակչության հետ: Հանդիպման գլխավոր բանախոսը խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն էր:
Նա անդրադարձավ այս օրերին բնակչությանն ամենաշատ հուզող կարտոֆիլի իրացման խնդրին: Մկոյանը նշեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, այսօրվա դրությամբ Կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական կարտոֆիլի ներմուծումը Վրաստան:
«Անվտանգության ապահովման անհապաղ միջոցառումների նպատակով Վրաստանի տարածք Թուրքիայից ֆիտոսանիտարական հսկողության ներքո գտնվող մթերքի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագծի հեղինակն է Վրաստանի Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը: Ըստ այս նախագծի թուրքական կարտոֆիլը չի ներմուծվելու մինչև սույն թվականի հունիսի 1-ը:
Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ թուրքական կարտոֆիլի ներմուծման արգելքը դեռ ուժի մեջ չէ: Այն ուժի մեջ կմտնի, երբ կառավարությունը համապատասխան որոշումը հաստատի։
Ինչպես մեզ տեղեկացրին պատգամավորի բյուրոից, կառավարության համապատասխան որոշումը հաստատված է վարչապետի ստորագրությամբ մարտի 15-ին։
Ըստ նախագծի 2018 թվականին Թուրքիայից ներմուծված 17 խմբաքանակ կարտոֆիլ ետ է վերադարձվելու, քանի որ այդ կարտոֆիլի մեջ հայտնաբերվել է երկու տեսակի հիվանդություն՝ Synchtrium endobioticum և Ralstonia solanacearum:
Նշենք, որ կարտոֆիլագործները բողոքում էին, որ արտերկրից ներկրված կարտոֆիլի պատճառով, մասնավորապես՝ Թուրքիայից, իրենց մշակած բերքը պահանջարկ չունի: Պատճառը գնային տարբերությունն է: Եթե թուրքական կարտոֆիլը 10 թեթրի է, ապա Ախալքալաքինը՝ 80-90 թեթրի: