Ախալքալաքի կարտոֆիլը փչանում է պահեստներում: Շրջանի գյուղերի խոշոր կարտոֆիլագործները պահանջում են ներմուծվող կարտոֆիլի մաքսային ձևակերպումների գների վերանայում, որպեսզի տեղական կարտոֆիլը գնով մրցունակ լինի:

Չիրացված կարտոֆիլի խնդիրը հասել է գագաթնակետին: Այսօր Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերի ֆերմերներ հավաքվել էին այս հարցով քաղաքապետարանում: Նրանց հետ հանդիպեցին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և նրա տեղակալները:
Boxoki akcya

Կարտոֆիլ աճեցնողների բողոքն այն է, որ արտերկրից ներկրված կարտոֆիլի պատճառով, մասնավորապես՝ Թուրքիայից, նրանց բերքը պահանջարկ չունի: Պատճառը գների տարբերությունն է: Եթե թուրքական կարտոֆիլը 10 թեթրի է, ապա Ախալքալաքինը՝ 80-90 թեթրի:

Ինչպես հաղորդեցին քաղաքապետին Չամդուրա, Մուրջախեթ, Վաչիան, Դիլիսկա, Կարտիկամ ու այլ գյուղերի քաղաքացիներ, նրանք չեն կարողանում իրացնել բերքը, չեն կարողանում վճարել բանկերից վերցված վարկերը ու արդյունքում տոկոսները շատանում են:

«Մենք բոլորս էլ վարկեր ունենք, ասենք, 3000 լարի ենք վերցրել, այս 3 տարիների ընթացքում 3000 լարին դարձել է 25 000 լարի: Մի բանկում պարտքերի մարման համար մեկ ուրիշ բանկից վարկ ենք վերցնում ու այսպես երեք տարի է պտտվում է, – ասում է Չամդուրա գյուղի բնակիչը:

Հարցի տակ է նաև կարտոֆիլի գարնանային ցանքսը, քանի որ շատ մարդիկ այլևս իմաստ չեն տեսնում այդքան էներգիա և ֆինանսներ ներդնել, որը ոչ միայն տեղ չի հասնում, այլ կորուստներ են ունենում: Կարտոֆիլագործների կարծիքով, պետությունը կարող է կարգավորել այդ հարցը, ինչպես այն արվել է խաղողի և խնձորի դեպքում: Ներկայումս Վրաստանի շուկաները լի են Թուրքիայի կարտոֆիլով, որը մատակարարվում է Բաթումիից:

«Բնակչությունը գնում է պիկասո տեսակի կամ կարմիր կարտոֆիլ: Բացի այդ, թուրքական կարտոֆիլները վաճառվում են որպես Ախալքալաքի: Մենք տարանք կարմիր կարտոֆիլը և վաճառեցինք 90 թեթրիով, իսկ սպիտակ կարտոֆիլ չեն գնում: Գիտեք ինչու: Քանի որ Թուրքիայից կարմիր կարտոֆիլ չի ներմուծվում, Թուրքիայից ներկրվող կարտոֆիլը պարզապես թույն է: Թող վերահսկող կազմակերպությունները ստուգեն ներմուծվող կարտոֆիլը », – ասաց ներկաներից մեկը:

kartoshka

Կարտոֆիլագործները նաև առաջարկում էին բացել դեպի Ադրբեջան ճանապարհը, քանի որ, ըստ նրանց, Ախալքալաքի կարտոֆիլի հիմնական գնորդն ադրբեջանցիներն են: Նրանք խոսեցին նաև այն մասին, որ թուրքական կարտոֆիլը Վրաստանով արտահանվում է Ադրբեջան և վաճառվում Ախալքալաքի կարտոֆիլ անվան տակ:

Ախալքալաքի կարտոֆիլը շահութաբեր չէ ֆերմերների համար, քանի որ այն չի փակում նույնիսկ ինքնարժեքը:

«Մեկ պարկ կարտոֆիլը Թբիլիսիում վաճառվում է 4 լարիով: Այնտեղ մնացինք 4 օր: Այս գինը չի ծածկում նույնիսկ Թբիլիսի մեկնելու մեքենայի վառելիքի գինը: Ես գնել եմ սերմը 22 թեթրի մեկ կգ.-ի համար և վաճառել 22 թեթրիով: Փաստորեն նվիրել և հետ ենք եկել միայն տուն վերադառնալու համար: Եթե մի քիչ ավելի երկար մնայինք, հնարավոր է սրտի կաթված ունենայինք: Հաճախորդը ում հետ ես աշխատում եմ 4 տարի է ասաց, որ չի ուզում գնել մեր կարտոֆիլը, որովհետև թուրքականը ընտիր ու էժան է: 10 թեթրիի փոխարեն թող մաքսային ձևակերպումը կատարեն 40 թեթրիով: Ինչու խնձորը 1 լարի է և գինը սահմանված է 2 և 2,5 լարի: Թող կարտոֆիլի համար էլ սահմանեն գոնե 80 թեթրի: Մենք չենք ասում, չթողնեք կարտոֆիլը այլ վայրերից, պարզապես գնային քաղաքականությունը թող վերանայվի », – ասում է Չամդուրա գյուղի բնակիչը:

kartoshka1

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը լսելով ներկաներին խոստացավ համատեղ ուժերով լուծել այս խնդիրը 3-4 օրվա ընթացքում:

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք պարապ չենք մնում: Ես համոզված եմ, որ այս հարցը կլուծվի: Այդ հարցը կտրուկ է դրված: Մեր ժողովուրդը վերջին կոպեկը ծախսել է հող մշակելու վրա ու սպասում է, որ աշխատանքներն արդարացվեն: Շուտով ցանքսի շրջանն է, պետք է շարունակել մշակել հողը ու նվազագույնը հոգալ ընտանիքի կարիքները: Մեզ ասացին, որ հասկացան, լսեցին մեզ և քայլեր կձեռնարկեն: Մենք հասկանում ենք, որ եթե մինչ ապրիլի 10-15-ը քայլեր չձեռնարկվեն, ապա վերջ: Այս հարցը պետք է լուծվի մի քանի օրվա ընթացքում: Եթե ձգձգենք կարտոֆիլը ստիպված կլինենք թափել », – ֆերմերներին ասաց Յուրիկ Ունանյանը:

Ներկայումս Չամդուրա և Մուրջախեթ գյուղերի միայն խոշոր կարտոֆիլ արտադրողներն ունեն 15 000 տոննա կարտոֆիլ, էլ չենք ասում մնացած գյուղի բնակիչների մասին: Հավաքվածները քաղաքապետին ասացին, որ եթե 3-4 օրվա ընթացքում հարցը չլուծվի, այլևս չեն մշակի հողը և կփակեն մայրուղին:

Քրիստինե Մարաբյան