Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղում հավելյալ ջրագիծ են անցկացրել, որը հիմնական գծին պետք է օգներ գյուղի խմելու ջրի խնդիրը լուծել, սակայն և այսօր ղադոլարցիները բողոքում են ջրի անբավարար քանակից:

Ղադոլար գյուղում, երբ հարցնում ես ապրուստի ու գյուղի խնդիրների մասին, գյուղաբնակները ամեն ինչ մոռանում են, և բոլորը միաբերան նշում խմելու ջրի խնդիրը:

Սարերի գրկում ծվարած, քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվող Ղադոլար գյուղը 130 տնտեսություն ունի: Գյուղամեջում հավաքվածները կես կատակ կես լուրջ ասում են. «Կամաց-կամաց ծերանոց ենք դառնում, երիտասարդները հնարավորության դեպքում թողնում են գյուղը, որովհետև պայման չկա»:

Xado

Ղադոլարի կյանքը գրեթե չի տարբերվում շրջանի մյուս գյուղերի իրականությունից, պարզապես այս գյուղում խմելու ջուր ունեն, բայց բոլորին չի բավականացնում և տարվա յուրաքանչյուր եղանակին ջրի բացակայությունը այլ ձև է ստանում, սակայն խնդրի բուն էությունը դրանից չի փոխվում:

Գարնանը հարևան՝ Բեժանո գյուղում խմելու ջրով դաշտերն են ոռոգում, և գրեթե երկու ամիս Ղադոլարը զրկվում է խմելու ջրից: Իսկ ձմռանը, որպեսզի խողովակները չսառի, ջրերը բաց են թողնում, ջրի ճնշումն է ընկնում և միայն «բախտավորներն» են ջուր ունենում:

«Նոր ջրագիծը միացրին, բայց խողովակները դուրս զարկեց, համակարգը չաշխատեց: Գարնանը մեր խմելու ջրով մեր հարևան գյուղերը արտերն են ոռոգում, դրա համար մեզ ջուր չի հասնում: Այդ պատճառով մենք մշտական հոսող ջուր չենք ունենում: Եթե այս աղբյուրից ջուր եկավ, ուրեմն գյուղում ջուր կա, ինդիկատոր է», – ասաց գյուղացիներից մեկը:

«Ամոթ է ասել, բայց 21-րդ դարում մեքենաներով ջուր ենք կրում հարևան գյուղերից: Ոչ մեկին չի հետաքրքրում մենք ինչպես ենք ապրում: Թոռներս ամառը Ռուսաստանից եկան, մի ամիս մնացին, մի ամսվա մեջ 3 անգամ տաշտով եմ լողացրել, որովհետև ջուր չկա, պայման չկա», – ասաց Աննա տատը:

gyuxamej

Բանն այն է, որ Ղադոլար և Լոմատուրցխ գյուղերի խմելու ջուրը մի խողովակով գալիս է Բեժանոյից: Ջուրը չի բավականացնում երկու գյուղերին և հաճախ վիճաբանության տեղիք է տալիս: Նախկին գյուղապետի խոսքով, ջրի բաժանման տուփ չկա, և ջրի մեծ մասը հոսում է դեպի Լոմատուրցխ: Եվ բարձրադիր լինելու պատճառով գյուղում ոչ բավարար չափով է ջուր հոսում: 2016 թվականին տեղական իշխանությունը որոշեց այս խնդրին վերջնական լուծում տալ, հավելյալ ջրագիծ բերելով գյուղ: 2000 մետր երկարությամբ նոր ջրագիծ են քաշել և միացրել հիմնականին, սակայն խողովակների կցումները նորմալ չեն արել և նոր ջրագիծը օգուտ չի տալիս անորակ արած աշխատանքի պատճառով:

jur

Ախալքալաքի շրջանը հարուստ է բնական ջրերով, սակայն այստեղ մարդիկ դեռևս խմելու ջուրը դույլերով են կրում: Շրջանային վարչության տվյալներով շրջանի բնակչության 80 տոկոսից ավելին ապահովված է խմելու ջրով, սակայն գրեթե բոլոր գյուղերում մարդիկ դժգոհում են խմելու ջրի պակասից:

Ախալքալաքի վարչության աշխատակիցների խոսքերով շատ գյուղերում խմելու ջրի խնդիր է առաջանում հենց բնակիչների անխնա օգտագործման արդյունքում: Ջուրը կբավականացնի բոլորին, եթե բնակիչները մի քիչ սրտացավ մոտենան խնդրին և ջրի ծորակը հենց այնպես, անիմաստ բաց չթողնեն: Սակայն ոչ պակաս կարևոր է ջրամատակարարման նպատակով իրականացրած աշխատանքների որակը:

dprocakanner

Աղունիկ Այվազյան