Ախալքալաքում տեղի ունեցավ կլոր սեղան՝ տեղական և կենտրոնական մակարդակով կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին թեմայով:
Կանանց «մեծարման» միամսյակի ընթացքում Ախալքալաքում անցկացվում են մի շարք միջոցառումներ գենդերային թեմայով: Այն հիմնականում վերաբերում է շրջանում կանանց սոցիալական և քաղաքական ներգրավվածության բացակայությանը:
Սույն թեմայի շուրջ Մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին պաշտոնյաներ: Կլոր սեղանը կազմակերպել էր «Մեդիայի զարգացման հիմնադրամ»-ը:
Ախալքալաքի շրջանային ժողովի նախորդ և ներկա գումարման 32-37 պատգամավորների ցուցակում չկա և ոչ մի կին: Կլոր սեղանի ժամանակ խոսում էին Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կանանց քաղաքական պասիվության մասին:
Ախալքալաքի կանայք գերադասում են «չմտնել» քաղաքականութուն: Դա անհնարին է նույնիսկ ցանկության դեպքում, քանի որ տղամարդիկ թույլ չեն տալիս: Դրա վառ օրինակը կին թեկնածուների ընտրական ցուցակներում վերջին տեղերում հայտնվելն է, ինչը բացառում է հաղթելու հնարավորությունը:
-«Եթե կինը հայտնի չէ և չունի վարկանիշ, ապա ինչ իմաստ ունի նրան առաջին հորիզոնականում գրանցել», – ասում է Ախալքալաքի ժողովի փոխնախագահ Նաիրի Իրիցյանը:
Կլոր սեղանին մասնակից պատգամավորները չեն ցանկանում կանանց տեսնել Ախալքալաքի շրջանային ժողովում: Բավական է այն, որ նրանց տեսնում են ընտանիքներում: Ինչ-որ որոշման կայացման մեջ կնոջ մասնակցությունը նրանք անվանում են «աշխարհի վերջ»:
Քննարկեցին նաև կովկասյան մտածելակերպը, ինչը ուղեկցում է, թե հայուհուն, թե վրացուհուն, որը թույլ չի տալիս կանանց ներկայությունը քաղաքական գործընթացներում, որտեղ տղամարդու իշխանությունն է թագավորում:
-«Իհարկե, կանանց ներկայությունը ցանկացած աշխատանքի մեջ կարևոր է, լինի դա՝ օրենսդիր թե գործադիր մարմին: Կնոջ կերպարը կրթական բնույթ է կրում տղամարդկանց համար, բայց այսօր մենք, որպես ազգ պետք է հաշվի առնենք կովկասյան մտածելակերպը: Չեմ ասում, որ կինը պետք է հետին պլանում լինի, սակայն կովկասյան ավանդույթները դեռևս պահպանվում են, հատկապես այնպիսի շրջաններում ինչպիսիք են Ախալքալաքը, Նինոծմինդան, Ասպինձան», – կարծիք հայտնեց Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Ըստ Սեդա Մելքումյանի արական սեռի ներկայացուցիչ պատգամավորները ոչ բոլոր որոշումներն են օբյեկտիվ և արդար կայացնում: Եվ ըստ ընտանիքի մոդելի բոլոր կարևոր հարցերը չեն կարող որոշվել առանց կնոջ միջամտության:
-«Փորձը ցույց է տալիս, որ մեր կանայք շատ պասիվ են ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում: Չէի ասի, որ ինչ-որ բան լրջորեն ազդում է կանանց վրա: Ոչ, մեր կանայք նախընտրում են չլինել քաղաքականության մեջ, այսինքն, չեն ուզում իրենց ապագան կապել որևէ քաղաքական կուսակցության հետ, ինչպես նաև որպես մեծամասնական թեկնածու չեն ակնկալում ձայներ հավաքել: Այդ պատճառով կանայք սպասում են ավելի հարմարավետ պայմանների: Հարցումները ցույց են տալիս, որ կանայք մեր մոտ որևէ քաղաքական գործընթացին չեն մասնակցում», – ասում է մարդու իրավունքների պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչը:
Պատգամավորները հիշեցին գենդերային հավասարության լավագույն օրինակները՝ Թամար Թագուհու և Իլյա ՃավՃավաձեի մուսա Նատալյա Ազյանի մասին:
Ժողովի պատգամավոր Մելքոն Մակարյանի խոսքերով իրենց կուսակցությունը հնարավորինս պահպանում է քվոտաների հավասարությունը:
-«Վրաստանում կան գործող կուսակցություններ, որոնք հետևում են ընտրական ցուցակներում գենդերային հավասարությանը քվոտաների միջոցով: Ես ներկայացնում եմ «Կախա Կուկավա-Ազատ Վրաստան կուսակցությունը»: Ինչքանով տեղյակ եմ մեր կուսակցությունը հետևում է քվոտաների հավասարությանը: Սակայն կան կուսակցություններ, որոնք չեն հետևում», – ասաց շրջանային ժողովի պատգամավոր Մելքոն Մակարյանը:
Քրիստինե Մարաբյան