Թվով 9 անհատ և 2 ընկերություն Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից 2011 թվականի հունվարի 8-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, որպես նվիրատվություն են արել 391 255 լարի 4 քաղաքական կուսակցության:
Նվիրատուներից երկուսը Նինոծմինդայի շրջանի բնակիչ են, իսկ մնացածները՝ Ախալքալաքի: Ըստ Վրաստանի պետական աուդիտի ծառայության հրապարակած տվյալների՝ նվիրատու անհատներին և ընկերություններին ներկայացնում ենք առանձին-առանձին:
Եվ այսպես առաջին նվիրատուն Նինոծմինդայի բնակիչ Թագուհի Վարդանյանն է: Նա 2011 թվականի հունվարի 8-ին «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության հաշվեհամարին է փոխանցել 25 լարի:
Հարկ է նշել, որ ըստ Վրաստանի օրենսդրության, մեկ տարվա ընթացքում անհատները կուսակցություններին կարող են նվիրել 0-ից մինչև 60 000 լարի, իսկ ընկերությունները՝ 0-ից մինչև 120 000 լարի: Թվային այս սահմանափակումները հատուկ են արված, որպեսզի հնարավորինս հավասար պայմաններ և թափանցիկություն ապահովվի բոլոր կուսակցությունների համար:
Հաջորդը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի բնակիչ՝ Նորայր Մկոյանն է, ով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին 55 000 լարի է նվիրաբերել «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Իսկ արդեն 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նորայր Մկոյանը 6,800 լարի է փոխանցել «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը: Այնուհետև 2017 թվականի, սեպտեմբերի 4-ին Նորայր Մկոյանն իր անունով երկու փոխանցում է արել՝ 10 000 և 30 000 լարիի չափով, կրկին «Վրացական երազանքի» հաշվեհամարին:
Ախալքալաք քաղաքի բնակիչ՝ Մարտուն Մկոյանը 2012 թվականի հուլիսի 18-ին, «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն է նվիրել 60 000 լարի, իսկ 2017-ի սեպտեմբերի 5-ին 40 000 լարի է փոխանցել «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությանը:
Երկու վերոնշյալ անձինք՝ Մարտուն Մկոյանն ու Նորայր Մկոյանը «მეეკი» (Մեեկի) ընկերության 50/50 տոկոս սեփականատերերն են հանդիսանում: Այս ընկերությունը գրանցված է Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում, այն 2017-ի սեպտեմբերի 1-ին 120 000 լարի է փոխանցել «Վրացական երազանքի» հաշվին:
«Մեեկի» ընկերությունը գրանցվել է 2011 թվականին: Իսկ 2011 թ. մարտի 3-ից մինչև 2012 թ. մայիսի 16-ը ընկերությունը մասնակցել է 7 պետական էլեկտրոնային մրցույթի, որտեղ միակ մասնակիցն է եղել և սկզբնական գումարով ավտոմատ հաղթել է հայտարարված մրցույթը:
Այնուհետև, 2012-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 25-ը «მეეკი» ընկերությունը թվով 351 հեշտացված գնումների պայմանագիր է կնքել Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական հաստատությունների հետ: Ընկերությունը Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններում հիմնականում դիզ. վառելիք է մատակարարում:
Հաջորդ խոշոր նվիրատուն Սամվել Մանուկյանն է: 2016 թվականի սեպտեմբերի 14-ին Մանուկյանը 45 000 լարի է նվիրել «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը: Սամվել Մանուկյանը 2016 թվականին «Վրացական երազանք»-ի կուսակցական ցուցակով դարձավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:
2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նույն կուսկցությանը 60 000 լարի է փոխանցել «გრანდ» (Գրանդ) ընկերությունը, որի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Սամվել Մանուկյանին: «გრანდ» ընկերությունը չի մասնակցել որևէ մրցույթի:
Մյուս նվիրատուն Ախալքալաք քաղաքի բնակիչ Հարություն Ալեքսանյանն է: Նա 2014 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, մայիսի 26-ին 1 500 լարի է փոխանցել «Միասնական ազգային շարժում» կուսակցության հաշվեհամարին: Հարություն Ալեքսանյանն իր անունով գրանցած ոչ մի ընկերություն չունի: Այժմ նա Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու է, առաջադրված «Ազատության շարժում՝ եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի կողմից:
2014-ին «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը 900 լարի է փոխանցել Աշոտ Կարապետյանը: Նա Ախալքալաքի բնակիչ է, չունի իր անունով գրանցված որևէ ընկերություն:
Սուսաննա Ստեփանյանը 900 լարի է նվիրել «Միասնական ազգային շարժմանը» 2014թ.-ի մայսիսի 26-ին: Վերջինս Ախալքալաք քաղաքի բնակիչ է և չունի իր անունով գրանցված և շահույթ հետապնդող ընկերություն:
Եգոր Աբոյանը 2014 թ. մայիսի 26-ին 1 800 լարի է փոխանցել «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Եգոր Աբոյանը ևս իր անունով գրանցված որևէ ընկերություն չունի:
«Հանրապետական» կուսակցությանը 130 լարի է նվիրել Աշոտ Սահարյանը: Վերջինս Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչ է: Աշոտ Սահարյանը 2016 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես մեծամասնական պատգամավորության թեկնածու:
Այսպիսով, 2011-2017 թթ. Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից.
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը փոխանցվել է 271 000 լարի,
«Միասնական ազգային շարժում» կուսակցությանը՝ 120 100 լարի:
«Հանրապետական» կուսակցությանը՝ 130 լարի:
«Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությանը՝ 25 լարի: