Բորժոմիի կիրճում հրդեհի հետևանքով ոչնչացվել է շուրջ 100 հեկտար անտառ, հայտարարել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն:
Նախարարի խոսքերով, հրդեհը ամբողջությամբ կհանգցվի վաղը, եթե եղանակային պայմանները չխանգարեն փրկարարներին: Նա ավելացրեց, որ այսօր Բորժոմիի կիրճում քամին զգալիորեն հանգիստ է:
«Ներկայիս իրավիճակը մեծ լավատեսություն է ներշնչում: Վերջին օրերի ընթացքում քամին ուժեղանում է ժամը 15:00-ից մինչ 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ինչը նպաստեց հրդեհի տարածմանը: Եթե իրավիճակը շարունակի զարգանալ, ինչպես հիմա է, կրակը վաղը կհանգցվի», – ասաց Ալավիձեն:
Այժմ աղետի գոտում մնում է մի քանի կրակի օջախ, որոնք ավիացիան շարունակում է չեզոքացնել օդից:
«Մենք ունենք այն կետերը, որոնք մինչ գիշեր պետք է կարգավորեն ուղղաթիռները: Կամավորների օգնություն չի պահանջվում, քանի որ մենք ունենք բավարար աշխատուժ», – ավելացրեց Տարածքային զարգացման նախարարը:
Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են մոտ 1500 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև վեց ուղղաթիռներ և մինչև 60 միավոր հատուկ տեխնիկա Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից և Բելառուսից:
Բորժոմի-Խարագաուլի ազգային զբոսայգին, որտեղ ավելի քան չորս օր է հրդեհ է, Եվրոպայում ամենախոշոր ազգային զբոսայգիներից մեկն է, որը 5,3 հազար քառակուսի կիլոմետր է, ինչը կազմում է Վրաստանի ողջ տարածքի 7,6%-ը:
Հրդեհի էպիկենտրոնը գտնվում է Բորժոմիի շրջանից 11 կմ հեռավորության վրա, Վրաստանի Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով, զբոսաշրջիկներին և առողջարանի բնակիչներին վտանգ չի սպառնում:
Հասարակությունը հայտնում է Բորժոմիի անտառի կանխամտածված այրման վերաբերյալ ենթադրություններ, սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբիշվիլին կոչ է անում եզրակացություններ չանել և հետևել հետաքննության ընթացքին: Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել՝ «որևէ բան վնասելու կամ ոչնչացնելու» հոդվածով:
Միևնույն ժամանակ, վրացական ԶԼՄ-ները, Բորժոմիի կիրճում գտնվող հյուրանոցային ադմինիստրատորներին հղումով, հաղորդում են, որ ոստիկանության աշխատակիցները գալիս են նրանց մոտ և պահանջում տեղեկատվություն զբոսաշրջիկների մասին, ովքեր հանգստացել են օգոստոսի 18-ից 21-ը:
Աղբյուրը՝ Новости-Грузия