Արդեն երեք տարի է ինչ Ախալքալաքի շրջանի Մյասնիկյան (Կոմունա) գյուղում այս օրը նշում են որպես Սուրբ Հովհաննես Կարապետի օր և շրջանի տարբեր գյուղերից հյուրեր են գալիս, մասնակցում քեֆ-ուրախությանը և օրվա անբաժան մաս դարձած մատաղին։
«Այսօր մեր մատուռի երրորդ ամյակն է, երեք տարի առաջ այն կառուցվեց Դադեշ գյուղի բնակիչ Կարապետ Թումասյանի կողմից։ Նա երազում տեսել էր մեր այս սուրբը և այս մատուռը նա կառուցեց, որ մեր գյուղի համար մեծ նշանակություն ունի։ Ամեն տարի գալիս ենք այստեղ մատաղ ենք անում, միմյանց լավն ու բարին մաղթում», – մեզ հետ զրույցում ասաց Կոմունա գյուղի բնակիչ Սերժիկ Համբարյանը։
Գյուղից դուրս գտնվող բարձրունքին է գտնվում մատուռը, և ձմռանն այստեղ բարձրանալն անհանարին է, դրա համար Սուրբ Հովհաննես Կարապետի օրը գյուղացիների ցանկությամբ նշում են ամռանը։
Օրվա տոնական տրամադրությունը ապահովեց «Վաչիան» պարային համույթը, գեղեցիկ պարային կատարումներով, որոնց միացան նաև ներկաները և մատուռի շուրջ շուրջպար բռնեցին։
«Չնայած իրական օրը ձմռանն է, սակայն տեղանքի անհարմարությունից ելնելով և գյուղացիների ցանկությամբ այն նշում ենք ամռանը, որը համընկնում է այս համեստ մատուռի օրհնության օրվան»,- մեզ հետ զրույցում ասաց Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:
Մյասնիկյանում տոնն ավարտվեց միասնական աղոթքով, որին հաջորդեց հյուրասիրության կարգը։
Ջուլիետա Տոնականյան