Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում դպրոցականները և գյուղի երիտասարդությունը դիտեցին Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների ֆիլմը՝ «Արտույտների ագարակը», որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի հանդիսությունների սրահում անսովոր իրարանցում էր: Դպրոցահասակ երեխաները և առհասարակ գյուղի երիտասարդությունը հավաքվել էր ֆիլմ դիտելու: 3 երիտասարդներ ջանասիրությամբ դահլիճն էին նախապատրաստում կինոդիտման համար, իսկ երեխաները համակ ուշադրությամբ հետևում էին վերջիններիս գործողություններին:
Կազմակերպիչները Ախալքալաքի Զորի Զորյան երիտասարդական միության անդամներն էին: Երիտասարդները Տավիանի եղբայրների կողմից 2007 թ-ին նկարահանված «Արտույտների ագարակը» ֆիլմն էին ընտրել ցուցադրման համար։
«Նպատակը մեկն է` ներկաներին և ապագա սերունդներին ևս մեկ անգամ ծանոթացնել և փոխանցել 1915 թ. հայերի հանդեպ կատարած ոճրագործությանը: Եվ գալիք սերունդներին փոխանցել պահանջատիրոջ հոգեբանությունը», – իր խոսքում նշեց Զորի Զորյան երիտասարդական միության անդամ Դավիթ Շահինյանը:
Մինչ էկրանին կհայտնվեր իտալական ֆիլմի առաջին կադրերը, ներկաների համար ելույթ ունեցավ Գումբուրդո գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգո Մովսիսյանը, ներկայացնելով Եղեռնի ահասարսուռ դրվագներն ու հայի անելիքները ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ:
«Արևմտյան Հայաստանը մի օր հաստատ լինելու է հզոր ու միասնական Հայաստանի կազմում: Հայոց եռագույնը ծածանվելու է Արարատի գլխին: Իմացեք հայի փրկության, գոյության երաշխիքը՝ միտքն է, գիտական մակարդակն աշխարհում: Լավ սովորեք, որպիսի ամուր հիմք ունենաք Ձեր ոտքերի տակ», – նշեց Մարգո Մովսիսյանը:
Աղունիկ Այվազյան