Փետրվարի 26-ին, Ախալքալաքի շրջանային ժողովում կայացավ Ժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեց 17 կետից բաղկացած փաթեթը: Նիստը տևեց մոտ 5 ժամ, որը նախագահում էր Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը: Ժողովի 37 պատգամավորներից 34-ը ներկա էին նիստին:
Ժողովի նիստն սկսվեց Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական և Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող ոչ գ/տ նշանակության հողերի նորմատիվ գների սահմանման մասին քննարկումներով:
Ախալքալաքի Վարչության կողմից առաջարկվել է ոչ գյուղատնտեսական հողերի հարկը մեկ քառակուսի գծային մետրի համար սահմանել 3,6 լարի, սակայն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի կողմից այն ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում մեկ քառակուսի մետրի համար նախատեսվում է գանձել ընդամենը 1,8 լարի: Ժողովականները միաձայն քվեարկությամբ ընդունեցին այն:
Բուռն և ծավալուն քննարկման նյութ դարձավ ժողովականների կողմից Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի հարցը: Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի սպասարկման սակագները սահմանվեց հետևյալ կերպ՝ մեկ քառակուսի մետրի համար վաճառողից, մեկ օրվա (24 ժամ) համար գանձել 1,5 լարի, իսկ պահեստավորման համար 2 լարի:
Որոշում կայացվեց Գյուղատնտեսական շուկայի համար նախատեսված 100.000 լարին դեռ չհատկացնել, միայն հատկացնել 6 000 լարին նախագիծ կազմելու համար: Ժողովի պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանի կարծիքով ակտը սխալ է կազմված:
«Ընկերներ սա խայտառակություն է: Ակտը ճիշտ չի կազմված, մեզ ձեռք են առել, ուշադիր կարդացեք: Մեզանից պահանջում են քվեարկել մի փաստաթղթի օգտին, որը գոյություն չունի: Նախագիծ չկա, բայց պահանջում են 94.000 լարի հատկացնել շուկան բարեկարգելու համար: Առաջարկում եմ քվեարկել միայն նախագծի համար գումար հատկացնել»,- խոսքերով հանդես եկավ Մկրտիչ Մղդեսյանը:
Մերուժան Եզոյանի կարծիքով շատ փոքր է շուկայի ներկայիս տարածքը: «Մեքնենաների կայանելու տեղ չկա, ինչքան էլ ջանանք քաղաքակիրթ առևտուր հնարավոր չի կազմակերպել այդ տարածքում: Եկեք մի տարածք ընտրենք, որը կունենա բոլոր հնարավորությունները»,- նշեց Եզոյանը: Պատագամավորների կարծիքով վերջինիս ասածները ճիշտ է, սակայն հարմար տարածք քաղաքում չկա, որը հանդիսանում է շրջանային սեփականություն:
Քվեարկության արդյունքում որոշում ընդունվեց գյուղատնտեսական շուկայի համար նախատեսված 100.000 գումարի 94 000 ուղարկել պահուստային ֆոնդ: Գումարը հատկացնել միայն նախագծի հաստատումից հետո, որտեղ հստակ գրված կլինի կոնկրետ ինչ գումար է անհրաժեշտ տարածքը բարեկարգելու համար:
Հաջորդ հարցը Ախալքալաքի փակ լողավազանից օգտվելու բաժանորդային վճարի չափի հաստատումն էր: Շրջանային Վարչության գույքի, տնտեսական զարգացման և կառավարման ծառայության գլխավոր մասնագետ՝ Վահան Բաթոյանը ներկայացրեց առաջարկվող վճարի գինը:
Լողավազանից օգտվողները կախված տարիքից, տարբեր են վճարելու: Այս տարի տեղական բյուջեից լողավազանին նախատեսված է հատկացնել 138 000 լարի, որից 25 000 լարին լողավազանը ելնելով լոզավազանից օգտվողների վճարումներից պետք է վերադարձնի շրջանային բյուջե: Նշենք, որ անցած տարի լողավազանը պարտավորված էր 30 000 լարի վերադարձնել շրջանային բյուջե, սակայն 13 000 լարի է ընդամենը կարողացել վճարումների հաշվին վերադարձնել: Պատգամավորների հարցադրումններին, թե ինչի՞ց ելնելով է այս տարի պահանջվում 25 000 լարի, եթե միևնույն է չեն կարողանալու վճարել: Վահան Բաթոյանի խոսքերով իրատեսական գումար է պահաջվում: «Օդից վերցրած թվեր չեն, հաշվարկ է կատարվել, եթե լողավազանը անխափան աշխատի, ապա կկարողանա 25000 լարի հավաքագրել: Անցած տարի 13 000 է եղել, որովհետև 2 ամիս լողավազանը չի գործել»,- եզրափակեց Բաթոյանը:
Ժողովի պատագամավորների քվեարկության արդյունքում միաձայն ընդունվեց մինչև 13 տարեկան երեխաների համար ամսեկան սահմանել 10 լարի, որը կազմում է 8 պարապմունք: Մինչև 19 տարեկանների համար սահմանել 20 լարի, որը կազմում է 12 պարապմունք, իսկ 19 տարեկանից բարձր սահմանել 40 լարի: Լողավազանի երկրորդ հարկում գործող կանանց տրենաժորներից օգտվելու համար սահմանել 25 լարի: Պատգամավոր Զաքար Զաքարյանի առաջարկի հիման վրա կարիքավոր և ծնողազուրկ երեխաներն ազատվում են լողավազանից օգտվելու համար գանձվող վճարից:
Այնուհետև Ժողովի միաձայն որոշման համաձայն Ախալքալաքի Ֆ. Դերժինսկու անվան փողոցը վերանվանվեց աշուղ Հավասու անունով: Նշենք, որ Հավասու արձանը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցի վրա:
Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ի թիվ 34 «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2015 թվականի բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին:
Վարչության և Շրջանային ժողովի հաստիքային ցուցակը նույնպես ենթարկվեց փոփոխության: Ըստ Վրաստանի նախագահի 2014 թ.-ի նոյեմբեր ամսվա հրամանի յուրաքանչյուր շրջանում հաստիքային աշխատողների թվաքանակը պետք է լինի 188 հաստիք: Վերոնշյալից ելնելով ավելացվեց 10 հաստիք, որից 7 տեղ հատկացվեց Վարչությանը, իսկ 3-ը Շրջանային Ժողովին:
Ինչպես նաև փոփոխություն կատարվեց Ախալքալաքի Շրջանային Ժողովի կողմից 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ին ընդունած 2015թ. բյուջեի մեջ, որից հետո եկամտային մասը կազմում է 9402770 լարի, ծախսերը կազմում է 10955770 լարի, իսկ փոխանցիկ գումարը՝ 244964 լարի:
Մոտ 5 ժամ տևած Շրջանային Ժողովի նիստն ընթացավ առանց փոխադարձ վիրավորանքների և կոռեկտության սահմաններում: Օրակարգի բոլոր հարցերը մանրակրկիտ քննարկելուց հետո Ժողովը միաձայն քվեարկեց և որոշ փոփոխություններով հանդերձ համաձայնություն տվեց Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի և Բյուրոյի նիստի կողմից ընդունված որոշմանը: Առավել մանրամասն, թե կոնկրետ ի՞նչ գումար է նախատեսվել, ինչքա՞ն է հատկացվել, և ինչպե՞ս է այն օգտագործվել x ծրագրի վրա jnews.ge կայքէջը հետևողական կներկայացնի ընթերցողին:
Աղունիկ Այվազյան