Ասպինձայի շրջանի Խիզաբավրա գյուղում Գելաշվիլիները դաստիարակում են ծնողներին կորցրած 5 թոռներին:

Խիզաբավրա գյուղում ապրում է շուրջ 180 ընտանիք: Գելաշվիլիների տունը գտնվում է գյուղի վերջնամասում՝ մոտակա սարի փեշին: Տան մոտ հանդիպեցինք երեք երեխաների՝ իրար ձեռք բռնած: Ժամանակ առ ժամանակ երեխաները տարօրինակ հայացքներով հետ էին նայում և միաժամանակ շտապում մեզանից շուտ մտնել տուն:
Xzabavra
Մոտենում էինք Գելաշվիլիների տանը, շներն սկսեցին հաչել: Տան դուռը բացվեց. մի աղջիկ, դուրս գալով, կողքի տարավ շանն ու մեզ ներս հրավիրեց:
xzabavra7
Գելաշվիլիների ընտանիքը սովորականի նման իր առօրյա գործերով էր: Ինչպես երևում էր պատերից, տան վերանորոգումը կիսատ էր մնացել: Սակայն սև պատերը չէր, որ տպավորեց մեզ, այլ ամոթխած հայացքներով հյուրերին տնտղող 5-ից 12 տարեկան ժպտերես երեխաները:
xzabavra21

xzabavra17
Երեխաների հայրը՝ 37-ամյա Կախա Գելաշվիլին, ով տառապում էր արյան լեյկեմիա հիվանդությամբ, մահացել է մոտ մեկ տարի առաջ: Հոր մահը երեխաների համար ճակատագրական դարձավ. հայրը մահացավ, մայրն էլ լքեց նրանց: Կախա Գելաշվիլին ու Լեյլա Դիսանիձեն միասին ապրել են 12 տարի:
xzabavra12
Սկեսրոջ խոսքերով՝ մոտ մեկ ամիս առաջ հարսը տարօրինակ վարքագիծ է դրսևորել և հաճախակի անծանոթ մարդկանց հետ հեռախոսով խոսել: Օրերից մի օր, առավոտյան փոքրիկ Թեոնան լացելով սենյակից դուրս է գալիս, սակայն երկար ժամանակ է պահանջվում ճշտել լացի պատճառը: Լեյլան հավաքել է իրերն ու սենյակի պատուհանից հեռացել՝ աղջկան կարգադրելով ոչ մեկին չասել:
xzabavra13

xzabavra19
Երեխաների 67-ամյա տատը ազգությամբ հայ է, Նինոծմինդայի շրջանից: Հազիվ է քայլում. վերջերս ընկել է, ոտքը ջարդել: Հարսը փախել է հենց այն ժամանակ, երբ սկեսուրի ոտքը ջարդված էր: Տատիկն արդեն մեկ ամիս է ամուսնու հետ թոռներին է մեծացնում:
xzabavra3
Տարեց ամուսինները չեն տրտնջում և հաճույքով են ստանձնել երեխաների խնամակալությունը. «Մենք ծեր մարդիկ ենք, մեզանից հետո այս երեխաներն ո՞ւմ հույսին են ապրելու»:
xzabavra10
Հինգ երեխաներից չորսը դպրոց, իսկ ամենափոքրը՝ Թեոնան, մանկապարտեզ է հաճախում: Մեծ թոռնուհին 12 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 5, Լամարան և Նաթիան 9 և 7 տարեկան են: Պապը հույս ունի, որ 10-ամյա Վասիկոն՝ միակ տղա թոռնիկը, քույրերի համար թև ու թիկունք կդառնա:
xzabavra9

xzabavra5

xzabavra15
Տարեց ամուսինները չեն դժգոհում իրենց ապրուստից: Մեր հարցին, թե ինչ օգնության կարիք ունեն, տարեցները նշեցին. «Մեզ ոչինչ պետք չի, եկեք գնանք, տեսեք գետնահարկում ինչքան ալյուր, շաքար, մակարոնեղեն, ամեն ինչ ունենք, մեր երեխաներին մայր է պետք, ուրիշ ոչինչ»:
xzabavra11
Տատիկն ու պապիկը նույնիսկ պատրաստ են տունը թողնել, հեռանալ, եթե հարսը վերադառնա երեխաների մոտ: «Մենք մի տեղ կգտնենք, որ ապրենք, թող երեխաներս մայր ունենան»:
xzabavra16
Երեխաները խուսափում էին պատասխանել մոր մասին հնչող հարցերին: Նրանք միայն ուսումնասիրում էին մեզ և փորձում մայրական քնքշանքի պակասը ստանալ մեզանից…

Աղունիկ Այվազյան