Փետրվարի 16-ին, Ախալքալաքի Զորի Զորյան Երիտասարդական միության անդամները խաղաղ քայլերթ իրականացրին և Հայոց ցեղասպանության վերաբերյալ նամակներ ներկայացրին Ախալքալաքի իշխանության ներկայացուցիչներին:
Ախալքալաքում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մեկնարկը տրվեց խաղաղ երթով: Երթը կազմակերպել էր Ախալքալաքի Զորի Զորյան Երիտասարդական միությունը: Երեք տասնյակից ավելի երիտասարդներ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում աղոթք բարձրացրին առ Աստված, և ստանալով Տեր Տաթև քահանա Մարուքյանի օրհնությունը քայլերթով շարժվեցին դեպի Շրջանային Ժողովի շենք: Երիտասարդական միության անդամները դիմում-նամակ ներկայացրին Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանին:
Վերջինս ծանոթանալով երիտասարդների ներկայացրած նամակի բովանդակությանն ասաց.
«Տեղեկացնեմ, որ արդեն ստեղծվել է տեղական տարածաշրջանային հանձնաժողով, որը զբաղվելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման խնդիրներով: Ուրախ ենք, որ երիտասարդներդ ևս հետևողական էք այս հարցում և հանդես էք գալիս սեփական նախաձեռնություններով», – ասաց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Այնուհետև Երիտասարդները շարժվեցին դեպի Ախալքալաքի Շրջանային Վարչություն, նույն բովանդակությամբ նամակներ փոխանցեցին Ախալքալաքի շրջանից ընտրված խորհրդարանի պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանին և Վարչության նախագահ՝ Էդուարդ Աղասարյանին:
Նամակում մասնավորապես նշված է.
1. Ապրիլի 24-ը ընդունել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման օր:
2. Ապրիլի 24-ը սահմանել ոչ աշխատանքային օր:
3. Թույլ տրվի առաջիկայում կազմակերպել և անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման և ոգեկոչման նպատակով միջոցառումներ և երթեր:
4. Հայոց Ցեղասպանության ճանաչման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով՝ պահանջները ներկայացնել նաև Վրաստանի խորհրդարան:
Երիտասարդներն ակնկալում են գրավոր պատասխան իրենց դիմում-նամակին:
-«Այսօր խաղաղ երթով ուզեցանք ևս մեկ անգամ բարձրաձայնենք Հայոց Ցեղասպանության մասին: Հույս ունենք, որ չեն անտեսի մեր նամակը և շուտափույթ և գրավոր պատասխան կտան»,- ասում է Արմեն Գրիգորյանը:
Այնուհետև երիտասարդները ոտքով քայլեցին դեպի Վաչիան գյուղի մոտակա բարձունքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչ մատուռ, որտեղ երիտասարդների համար խմբապետերը Ցեղասպանության թեմայով բաց դաս և քննարկում անցկացրին:
Աղունիկ Այվազյան