Ախալքալաքում այսօր հարգեցին ու ոգեկոչեցին Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը:

Այս օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ:

Ախալքալաքում հույներն ու հայերը ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Եղիշե քահանա Հարությունյանը հոգեհանստյան կարգ կատարեց հազարավոր անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

exern

«Պատրիդա» միացյալ հունական կազմակերպության նախագահ Միխայիլ Կոլիկիդին ներկաներին շնորհակալություն հայտնելով ասաց.

«Մեզանից յուրաքանչյուրն այսօր հավատում է և վստահ է, որ արդարություն է լինելու: Այստեղ ներկաները կիսում են հույների ցավը, կիսում են մեր ողբերգական օրերը, որովհետև մեր ճակատագրերը նման են, նույնն են: Մեզ մնում է ուղղակի ճիշտ դասեր քաղել պատմությունից: Պատահական չէ, որ հույների առաջին տեղահանությունները եղան հենց ապրիլ ամսին: Օսմանցի թուրքերը խաղաղ բնակչությանը ոչ միայն բռնի տեղահանում էին, այլև փակում և այրում տաճարներում: Պոնտոսը մաքրում էին հույներից կրոնական ու ազգային պատկանելությունից ելնելով: Այսօր 21-րդ դարում մենք պետք է կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել ցեղասպանության ընդունման ուղղությամբ: Որովհետև ցեղասպանության չընդունումը նոր ցեղասպանություն է ծնում»:

huyn

20-րդ դարում հույները մեծամասնություն էին կազմում Փոքր Ասիայի հյուսիսում (Պոնտոսում) և արևմուտքում (Անատոլիա), ինչպես նաև Կապադովկիայի որոշ գավառներում: Ինչպես և հայերը, հույներն այդ տարածքների բնիկ ժողովուրդն էին ու չէին ցանկանում ենթարկվել մահմեդականացմանն ու թրքացմանը: Թուրքական կառավարությունը վախենում էր, որ Անատոլիան ու Պոնտոսը կարող են դուրս գալ Թուրքիայի իշխանության տակից, ինչպես դա արդեն տեղի էր ունեցել Հունաստանի, Սերբիայի ու Բուլղարիայի պարագայում, և հետո թուրքահպատակ հույների, հատկապես պոնտոսցիների թվում մեծ տոկոս էին կազմում բարձրագույն կրթությամբ մտավորականներն ու հաջողակ ձեռներեցները, որոնք բարձր դիրք էին զբաղեցնում և զգալի ազդեցություն ունեին թուրքական տնտեսության վրա:

Ուստի Թուրքիան «վճռական միջոցների» դիմեց արմատախիլ անելու համար հունական տարրը, ինչն էլ ի կատար ածվեց 1908 թվականից հետո, երբ իշխանության եկավ երիտթուրքերի կուսակցությունը, որը հռչակեց «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը: 1911 թվականի սեպտեմբերին բացահայտ քննարկվեց Թուրքիայի ազգային, հատկապես քրիստոնյա, փոքրամասնությունների բնաջնջման հարցը, ինչն առաջին հերթին վերաբերում էր հույներին ու հայերին:

huyn exern

1915 թվականի մարտին Զմյուռնիա (այժմ Իզմիր) քաղաքի մերձակայքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ: Թուրքիայի հունական բնակչության էթնիկ զտումներն ակտիվորեն իրականացնում էին թուրք ազգայնականները Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարությամբ 1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմի ժամանակ: 1919 թվականի մայիսի 19-ին, երբ Քեմալը ժամանեց Սամսուն և սկսվեց Պոնտոսի հույների կոտորածի երկրորդ ալիքը, նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր:

Զմյուռնիայի կոտորածը 1919-1922 թթ. թուրք-հունական պատերազմի վերջին դրվագն է: 1920 թվականի սեպտեմբերի 9-ին թուրքական զորքերը ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը: Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր: Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։ Ըստ տարբեր աղբյուրների սպանվածների թիվը 60-260.000 է: Եվս 160.000 տղամարդ բռնի տեղահանվեց դեպի Անատոլիայի խորքերը, մեծ մասը զոհվեց ճանապարհին:

ter hayr

Հույների ցեղասպանության զոհերի թիվը տարբեր գնահատականներով 350.000-ից 1,2 միլիոնի է հասնում:

1994 թվականի փետրվարի 24-ին հունական խորհրդարանի միաձայն որոշմամբ մայիսի 19-ը սահմանվեց որպես Փոքր Ասիայի հույների ցեղասպանության հիշատակի օր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի և ամերիկյան մի քանի նահանգի կողմից:

xachqar

Օգտագործված է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի տեղեկությունը

Աղունիկ Այվազյան