Առանց ջրի, դպրոցի, խանութի Ախալքալաքի շրջանի Տրկնա գյուղում ապրում է 28 ընտանիք:
Տրկնա գյուղի բնակիչների միակ ջրի աղբյուրը 7 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Երբեմնի 72 տնտեսություն և սեփական դպրոց ունեցող գյուղն այսօր ոչինչ չունի։
«Խմելու ջուր չունենք, գյուղի միակ հույսը ջրհորերն էին, որոնք այլևս օգտագործման պիտանի չեն։ Խմելու ջրի միակ աղբյուրը գտնվում է գյուղից դուրս, և ամեն օր կիլոմետրեր ենք անցնում ջուր բերելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Արմիկ Կիրակոսյանը։
Գյուղի խնդիրները չեն սահմանափակվում խմելու ջրի և ընդհանրապես ջրի բացակայությունով, գյուղում խանութ չկա, մարդիկ թողնում են հեռանում այս բնակավայրից, ինչը հանգեցրել է նրան, որ աշակերտների քիչ քանակի պատճառով 7 տարի առաջ փակվել է գյուղի դպրոցը։
Տրկնացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, սակայն կարտոֆիլի մշակումն առաց ջրի հավասարազոր է չմշակելուն։
«Գյուղացու ապրուստի հիմնական միջոցը կարտոֆիլն է, որի մշակումն էլ ռիսկային է, կամ կլինի, կամ չի լինի, եղածն էլ անձրևների հույսին է։ Մեր գյուղի աշակերտները հարևան Զագ գյուղի դպրոց են հաճախում, մի բան գնելու համար հասնում ենք Ախալքալաք, ոչ մի խանութ գյուղում չկա», – մեզ հետ զրույցում ասաց Տրկնա գյուղի բնակիչ Մարտինը։
Գյուղի միակ եկեղեցին մինչև վերջին տարիները ծառայել է որպես հարսնետուն, սակայն գյուղական ծրագրի գումարով տրկնացիները կարողացել են կառուցել հարսնատան համար այլ կառույց, իսկ եկեղեցին օգտագործում են իր նպատակին։
«Ջրհորերը ցամաքում են, եղած ջրի մեջ էլ որդեր կան, ջրի խնդրով դիմել ենք իշխանությանը, ասում են որ հիսուն հազար լարի պակասում է գյուղ ջուր բերելու համար։ Ինչ է գյուղը փոքր գյուղ է աչքաթող են արել, բայց Մերենիան էլ է փոքր գյուղ, սակայն այնտեղ ջուր քաշեցին», – ասաց Տրկնա գյուղի բնակիչ Կիրակոսյան Սամսոնը։
Տրկնացիները հուսով են, որ այս տարի գյուղը կապահովվի ջրով, որը ամենաառաջնային խնդիրն է բնակիչների համար։
«Տրկնան խմելու ջուր չունի և այս տարի ուզում ենք նախագիծ իրականացնել՝ Գոմանից տալ ջուր, որ գոնե երկու աղբյուր ունենան։ Առայժմ միայն գյուղամեջ ենք ուզում ջուրը տանել, տներ հասցնելու համար ջուրը չի հերիքում, եղածն էլ ավելացած ջրի հաշվին ենք ուզում անել։ Միևնույն ժամանակ մտադրություն ունենք Սամսարից Մերենիա քաշած ջրի ավելցուկից տանենք։ Առայժմ բյուջեով նախատեսված 50 հազար լարի կա Գոմանից ջուր տանելու համար, սակայն դեռևս չկա նախագիծ, տեղի բնակիչները համաձայն չեն պետք է հանդիպենք քննարկենք։ 255 հազար ջրի փող է հատկացված, որից 205 հազարը Ալաթումանինն է, իսկ հիսուն հազարը Տրկնային»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը։
Տրկնա գյուղը առաջին հայացքից կոլորիտային գյուղ է հիշեցնում, սակայն խնդիրներին ծանոթանալուց հետո ես հասկանում, որ գյուղական կոլորիտի պատկեր ստեղծող էշը, բոլոր տների բակերում գտնվող հին լվացառանները գոյություն ունեն, որովհետև դրանք են խնդիրների ժամանակավոր լուծման տարբերակները։
Ջուլիետա Տոնականյան