Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, մեկնաբանեց հունվարի 20-ին Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր հասցեին ուղղված մեղադրանքները:
Պատգամավորը նշում է, որ ատեստացիայի հարցն իր իրավասությունների մեջ չի մտնում: Այդ հարցերը որոշում է տեղական իշխանությունը, սակայն, այն պնդմանը, որ ատեստացիան անցել են միայն իր հարազատները անհեթեթություն է համարում:
-«Վրաստանը ունի հանրային ծառայողի մասին օրենք, որտեղ ասված է, որ բոլոր պաշտոնյաները պիտի անցնեն համապատասխան ատեստացիա: Յուրաքանչյուր շրջան ստեղծել է իր ատեստացիոն հանձնաժողովը, ու այն անցկացվել է երեք փուլով: Որքան ես գիտեմ, դիմել է ավելի քան երկու հարյուր մարդ, այդ թվում շրջանի ներկաիս աշխատակիցները: Երկրորդ փուլը, դա թեստավորումն է: Թեստավուրումը անցկացնելու համար Թբիլիսիից եկել էր խումբ: Նրանք ոչ մեկի հետ ծանոթ չէին, մենք նույնիսկ չգիտեինք, թե ովքեր են գալու: Որքան ես գիտեմ, հարցազրույցի ժամանակ Վարչության աշխատակիցներից նույնպես դուրս են մնացել»,- պարզաբանեց պատգամավորը:
««Ոչ կառավարական ընդդիմություն»-ից նույնպես մարդիկ են անցել ու այժմ նրանք աշխատում են: Եթե նրանք մտածում էին, թե բոլորը այստեղից պիտի հեռանային ու միայն իրենք գային, ապա դա աբսուրդ է: Դա ուտոպիա է, կարծում եմ, որ դա անլուրջ է: Կներեք արտահայտությանս համար, նրանց ասածը, թե իբր անցել են միայն իմ և Վարչության նախագահի բարեկամները, և մենք ենք կազմակերպել, դա անհեթեթություն է: Այնպես, որ յուրաքանչյուր ընդդիմություն ասում է այն, ինչ ուզում է ասել»,- եզրափակեց Սամվել Պետրոսյանը:
Շուշան Շիրինյան