Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական հատվածը` նախորդ դարասկզբի «Ժողովրդական թերթիկ», «Հայրենիք», «Վրաստան» վրացալեզու թերթերում, Օսմանյան կայսրության հայերի վերաբերյալ հրապարակված հոդվածներ:

1915 թվականի մարտի 5-ին «Հայրենիք» պարբերականը կարևոր և մտահոգիչ փաստեր է հրապարակում: Մասնավորապես «Քրդերի կողմից քրիստոնյա գյուղերի կողոպուտը» վերտառությամբ հոդվածում պատմում է Ջուլֆայում մարտի 2-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Երբ մեր զորքը գրավեց Դիլմանը, հայտնի դարձավ հետևյալ իրողությունը. այս հենակետի մոտ քրիստոնյաներով բնակեցված 20 գյուղ թալանվել է օսմանցիների կողմից: Ոչնչացվել են եկեղեցիներ, դպրոցներ և գրադարաններ: Սուրբ մասունքը թաղված է խոտի մեջ, մի մասը քարուքանդ է եղել, մյուս մասը պատված է փամփուշտներով: Որոշ եկեղեցիներ ախոռի են վերածվել, որոշները` պահեստների: Գյուղերը լցված են դիակներով: Մեր զորքի Դիլման հասնելուց 3 օր առաջ զգալիորեն վնասել են Գեսրտուվան գյուղը: Այս գյուղում բնակվող բոլոր տղամարդիկ սպանված են: Հորերից և նկուղներից հանվել է 200 տղամարդու դի և թաղվել եղբայրական գերեզմանում: Գյուղը մաքրելու նպատակով բանվորներ են աշխատում: Դիակների վրա երևում են խոշտանգումների հետքեր, մարդկանց սպանել են սրերով և կացիններով: Օսմանցիները պարենն ու տարբեր ապրանքների մի մասն իրենց հետ են տարել, մի մասը` այրել: Այրված շենքերում նույնիսկ պատուհանների և դռների հետքերը չեն մնացել: Խոսրովում մեր հոգևոր կենտրոնը փրկվել է: Պատուհանները և դռները կամ ջարդված են, կամ` վնասված: Աթոռանիստ եկեղեցին ոչնչացված է, նկարները` նետված: Դպրոցի գույքի մի մասը պահպանվել է: Այստեղ պատրաստվում են առաջիկայում վերադարձնել մեր հոգևոր համալիրն ամբողջ կազմով»:

«Հայրենիքը» այնուհետև գրում է. «Ամերիկայի դեսպանը պահանջել է քրիստոնյաներին պաշտպանելու միջոցներ ձեռնարկել: Բեյրութում ապստամբություն է: Օսմանցի նահանգապետի փոխարեն գերմանացի է նշանակվել: Սմիրնայի (Զմյուռնիա) բնակիչներին հորդորվել է լքել քաղաքը: Կոնստանդնուպոլսում երիտթուրքերի դեմ դավադրություն են կանխել: 200 հայ է ձերբակալվել: Հայտնաբերվել են նաև նռնակներ»:

Վրացալեզու «Հայրենիք» թերթը օրեր անց կրկին անդրադառնում է Ջուլֆայի դեպքերին: «Քրիստոնյաների ծեծը Ուրմիայում» հոդվածում թերթը նկարագրում է՝ Օսմանյան կայսրության դեսպանի կողմից կազմակերպած հարձակման մանրամասները, Ամերիկայի դեսպանատան վրա:

«Ջուլֆա. Ուրմիայից ստացած նոր տեղեկությունների համաձայն` Օսմանյան կայսրության դեսպան Ռագիխ բեյը 70 ասկյարի հետ հարձակվել է Ամերիկայի դեսպանատան վրա, որտեղ պատսպարված են եղել 15 հազար քրիստոնյա: Նա այնտեղից դուրս է հանել 3 հոգևորականի և 1 սարկավագի, ծեծելով քարշ տվել փողոցներով և վերջում սպանել: Ռագիխ բեյը քրիստոնյա միսիոներների բակում նրանց կախաղան բարձրացնելու նպատակով կախաղան է սարքել։ Քրիստոնյա միսիոներ Ալենը նույնպես ծեծի է ենթարկվել, բայց, միևնույն է, հասցրել է մարդկանց ուղարկել մեր բանակ»:

Ապրիլի 9-ի համարում «Հայրենիք»-ը՝ «Օսմանյան Հայաստանի ինքնավարության խնդիրը» հոդվածում հայերի ինքնավարության հարցն է բարձրացնում:

«Համայնքային պալատի պատգամավոր Վիլյամը հարցրել է` Անգլիայի կառավարությունը մտադի՞ր է, թե՞ ոչ մասնակցել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ասիայում բնակվող հայերը այնպիսի ինքնավարություն ձեռք բերեն, ինչպիսին Ռուսաստանը խոստանում է լեհերին: Լորդ Պրիմզորը վստահեցրել է Վիլյամին, որ Անգլիայի կառավարությունը պատրաստ է պաշտպանել Օսմանյան կայսրության ասիական հատվածում բնակվող հայերի շահերը, սակայն, առայժմ, հարցին լուծում տալու վերաբերյալ հստակ քայլեր անելը բնավ հնարավոր չէ»։

Շարունակելով նույն միտքը «Ժողովրդական թերթիկը» ևս, ապրիլի 9-ի համարում գրում է. «Անգլիայի համայնքային պալատում պատգամավոր Վիլյամսը հարցրել է կառավարությանը` մտադի՞ր եք, թե՞ ոչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի պատերազմի ավարտից հետո օսմանյան հայերին գոնե փոքր ինքնավարություն տալ՝ այնպես, ինչպես ռուսները խոստացել են լեհերին: Լորդ Պրիմզորը վստահեցրել է Վիլյամսին, որ Անգլիայի կառավարությունը կպաշտպանի հայերի շահերը, սակայն այս պահին միջազգային հետագա համաձայնության վերաբերյալ որևէ բան չի կարող ասել»:

Իսկ ահա ապրիլի 17-ին «Ժողովրդական թերթիկը» գերմանական թերթերից քաղվածք է ներկայացնում, թե գերտերությունները ինչ որոշում են կայացրել Օսմանյան կայսրության ճակատագրի վերաբերյալ:

«Գերմանական թերթերը տեղեկացնում են, որ Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել միմյանց միջև Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ: Ռուսաստանը կտիրանա Ստամբուլին և Հայաստանին, Անգլիան` Միջագետքին, Ֆրանսիան` Սիրիային: Ինչ վերաբերում է Զմյուռնիային, ապա Անգլիան այն կթողնի Հունաստանին»:

Ապրիլի 24-ին, «Ժողովրդական թերթիկը» անդրադառնում է Օսմանյան կայսրությունում օսմանյան հայերի վիճակին:

«Ապրիլի 17-ին “Б. Вед”-ից տեղեկացրել են. վանի վիլայեթը թշվառ վիճակում է: Քաղաքները և գյուղերը ոչնչացված են: 10 հազար զինված հայ, սպասելով ռուսական բանակին, 5 օր է պատերազմում է քրդերի և օսմանցիների դեմ»:

Նույն պարբերականը մայիսի 30-ին գրում է. «Թիֆլիսի վարկային կազմակերպությունը 4000 մանեթ է նվիրաբերել պատերազմից տուժած հայերին: Ալաշկերտից փախած հայերը ետ են վերադառնում և սկսում են մշակել արտերը»:

«Ստամբուլից եկածներն ասում են, որ այնտեղ իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է և ճգնաժամային է: Կախաղան են բարձրացրել բերման ենթարկված 23 հայի: Կախաղանի արարողությանը մասնակցել է նաև Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը: Ստամբուլում հրդեհ է բռնկվել: 1000 տուն և խանութ է այրվել»,- հունիսի 11-ին հրատարակված համարում գրում է «Ժողովրդական թերթիկը»:

Իսկ «Վրաստան» թերթը 1915 թվականի հունիսի 9-ին, նույնպես անդրադառնալով օսմանյան կայսրությունում հայերի կոտորածին գրում է.

«Պարզվում է օսմանցիները կոտորում են հայերին. Պորտան պատասխանել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածին վերաբերող Եռյակի համաձայնության պետական հռչակագրին։ Պորտան հերքում է հայերի նկատմամբ խիստ վերաբերմունքը և գրավոր ներկայացրել է հեղափոխական շարժման մասին, որը իրականացնում են քրիստոնյաները՝ հատկապես Փոքր Ասիայի հայերը: Ի պատասխան ասվում է` այս շարժման նպատակը Փոքր Ասիայում բնակվող բոլոր հայերի ապստամբությունն է և օսմանցիների կոտորածը: Վերջինս հաստատելու համար ներկայացնում է այն գյուղերի ցուցակը, որտեղ հայերը կոտորել են օսմանցի բնակիչներին»:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: