Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի թարգմանության հերթական հատվածը, որը անդրադարձ է նախորդ դարասկզբի վրացալեզու պարբերականներում հայ փախստականների վիճակի մասին:

«Ժայռ» պարբերականը 1915 հունվարի 25-ի իր հերթական համարում՝ «Եվս մեկ անգամ փախստականների մասին» վերնագրի ներքո շարադրում է.

«Փախստականների հարցը ժամանակ առ ժամանակ սրվում է` տարբեր դրսևորումներ ստանալով: Նույնիսկ իրենք` հայերը, բաժանվել են մի քանի խմբի և հետաքրքիր է թեմայի շուրջ համեմատել ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների կարծիքները: Ահա, օրինակ, «Կասպի» թերթում (#12) կարդում ենք հետևյալը. հունվարի 14-ին Ավան Յուզբաշև խանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Տուժածներին օգնություն ցուցաբերելու հասարակության կառավարման» ժողով, որտեղ զեկույցով հանդես է եկել համայն Ռուսաստանի ազգային միության ներկայացուցիչ պարոն Եվանգուլովը, ով նոր է վերադարձել Իգդիրից: Ժողովին որոշում է կայացվել` օգնել փախստականներին սերմով, ապրանքով և հողագործության համար անհրաժեշտ պարագաներով:

“Кавк. слово” 15-րդ համարում, հրապարակվել է գյուղատնտես Ա. Աթանեսյանցի նամակը, որտեղ ներկայացված է փախստականների ուժը տեղական տնտեսությունում օգտագործելու ծրագիրը: Սույն նամակի հիմնական ուղերձն այն է, որ 120․000 փախստականներից հնարավոր է ընտրել 40-50 հազար աշխատող, ովքեր տեղաբնիկ հայերի շրջանում կլրացնեն աշխատուժի պակասը (նրանց, ովքեր բանակ են զորակոչվել) և իրենք իրենց կկերակրեն: Աթանեսյանցն այս կարծիքը տարբեր կողմերից ապացուցում և իրեն է վերապահում հայ հասարակության և արտադրա-տնտեսական հաստատություններում այս ծրագրի իրագործումը: Ա. Աթանեսյանցը վստահորեն ասում է միայն, որ հայ փախստականներն այստեղ կտիրապետեն արտադրական հմտությունների և հետագայում իրենց փորձը կօգտագործեն հայրենիքում: Նույն Աթանեսյանցը «Մշակ» թերթում (որտեղից և “Кавк. слово”-ն արտատպել է նամակը) գրում է, որ փախստականներն անպայման պետք է վերադառնան իրենց հայրենիք, որպեսզի նեղություն չտան, առանց այդ էլ նեղության մեջ գտնվող տեղաբնիկ հայերին։

«Մի՞թե ցանկալի է, որ նրանց գյուղերը, նրանց կողմից թողնված տարածքները մնան անտեր: Մի՞թե կգտնվի գոնե մեկը, ով գիտի Այսրկովկասի հայերի հողի սակավության մասին և կցանկանա, կամ նույնիսկ մտքի ծայրով կանցնի, որ փախստական հայերը մնան այս կողմերում: Սա կլինի կանխամտածված սպանություն, հետևաբար, այսօրվանից պետք է ջանք դնենք, օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի երբ հանգամանքները թույլ տան, փախստականներին հետ վերադարձնենք իրենց հայրենիք»:

Միաժամանակ պարբերականը ավելացնում է.

«Եթե մենք փախստականների հայրենիք վերադառնալու մասին միտք արտահայտեինք, մեզ շովինիստ և անսիրտ կանվանեին: Սակայն սրա մասին խոսում են իրենք` հայերը: Չենք ցանկանում կասկածի տակ դնել պարոն Աթանեսյանցի անկեղծությունը, որը վերջինս փոխանցել է «Մշակ»-ին, սակայն տարօրինակ հակասություններ կան դեռ նրա ցանկությունների և դրանց իրականացման հնարավորությունների միջև, այնուհետև այն նամակների միջև, որոնք տպագրվել են “Кавк. слово”-ում և «Մշակ»-ում:

Մի պահ մոռանանք, որ կան արտաքին ճնշումներ և ամեն ինչ հնարավոր է տեղի ունենա այնպես, ինչպես ցանկանում է Աթանեսյանցը, այսինքն, եթե փախստականներն անպայման պետք է վերադառնան, ապա նրանց ինչի՞ն են պետք սերմերը, գութանները, ապրանքները և այլն: Այս ամենը ավել բեռ չէ՞: Գութանը, որը փախստականները պետք է օգտագործեն Օսմանյան կայսրությունում և Պարսկաստանում, ինչների՞ն է պետք Ռուսաստանում: Մի՞թե գութան տրամադրելով` կբարելավվի փախստականների իրավիճակը, այն դեպքում, եթե նրանք հերկելու հող չունեն: Կամ հացահատիկի սերմը կկերակրի՞ նրանց, եթե այն սերմելու համար է նախատեսված: Սա է առաջին հակասությունը: Երկրորդ հակասությունն այն է, որ նույն Աթանեսյանցը «Մշակ»-ում հայերին խորհուրդ է տալիս վերադառնալ հայրենիք, իսկ “Кавк. слово”-ում ներկայացնում է նրանց` այստեղ բնակեցնելու ամբողջական ծրագիրը:

«Այսօրվանից պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք փախստականներին հայրենիք վերադարձնելու համար»,- գրում է Աթանեսյանցը «Մշակ»-ում: Միևնույն ժամանակ “Кавк. слово”-ում հրապարակված նամակում ասվում է. «Փախստականներից ընտրված 50 հազար աշխատող ոչ միայն կարող են կերակրել փախստականներին, այլ նաև տեղաբնիկ հայերին կօգնեն արտադրությունում»»:

Այնուհետև հոդվածագիրը շարունակում է, թե կարող են ասել, որ այստեղ հակասություններ չկան:

«Այսօր 50 հազարին տեղավորենք այստեղ, որպեսզի գոյատևեն, իսկ երբ երկրում խաղաղություն կտիրի, բոլոր 120 հազար փախստականները հետ կվերադառնան: Սակայն, այդ դեպքում ինչ անհրաժեշտություն կա խոսել հետ վերադարձնելու հնարավոր տարբերակների մասին, եթե այսօր նման հնարավորություն չկա: Կամ եթե չկա, Աթանեսյանցը ինչպե՞ս պետք է տղամարդկանց հետ ուղարկի հող մշակելու»:

Պարբերականը հարցադրում է անում, թե ի՞նչն է եղել հայերի վտարման պատճառը, ե՞րբ կվերադառնան հայերը և ինքն էլ պատասխանում, որ հայտնի չէ և այսօրվանից դրան պատրաստվելը, պարզապես անիմաստ երևակայություն է. «Եվ հետո, ինչպե՞ս է պարոն Աթանեսյանցը փախստականներին ստիպում վերադառնալ այն վայրեր, որտեղ նրանց կոտորածից բացի ոչինչ չի սպասվում: Հոդվածներո՞վ է համոզելու, որ հայրենիքն ավելի սիրված տարածք է: Հենց այստեղ է ծնվում երկրորդ դիրքորոշումը, որի համաձայն, եթե փախստական հայերը մնան այստեղ, դա «գիտակցված մահ» կլինի ոչ միայն տեղաբնիկ հայերի, այլ նաև այլ ազգերի համար: Այս օբյեկտիվ կարծիքը նպատակ չունի ոչնչացնել ողջախոհությունը: Փախստականներին օգնություն է անհրաժեշտ, սակայն օգնության բովանդակությունն է ամենակարևորը, այդ պատճառով մենք հայերի աչքերին «շովինիստ» ենք երևում»:

«Пет. вед.»-ում տեղ է գտել հայ փախստականների վերաբերյալ Օգյուցտիի նամակը, որը հետաքրքրաշարժ տեղեկություններ է փոխանցում ընթերցողին. «Երբ հարցը վերաբերում է փախստականներին, շատերը կարծում են, որ մենք նկատի ենք ունեցել Թբիլիսիից տեղափոխված հայերին: Այդ պատճառով ընթերցողին պետք է իրազեկենք, որ այս դեպքում մենք խոսում ենք ոչ թե Թբիլիսիից տեղափոխված հարուստ, այլ Պարսկաստանից փախած քաղցած և մերկ հայերի մասին»:

Այս առումով, թերթը գտնում է, որ փախստականներն ունեն առաջին հերթին գումարի կարիք:
«Թբիլիսիում այժմ «փախստականների» թիվը մեծ է. նրանք սփռված են տարբեր տեղերում և եթե Ներսես եպիսկոպոսը միջնորդի և փախստականներին ռուսական անձնագրեր տրամադրվեն, փախստականների բնակեցումն ավելի մասշտաբային կլինի: Փախստականների զգալի մասը կբնակեցվի Վրաստանի սահմանների մոտակայքում: Վրաստանում նման տեղափոխություններ տեղի են ունենում արդեն տասնյակ տարիներ շարունակ, չնայած նրան, որ Օսմանյան կայսրությունում որևէ հետապնդում և միջադեպեր չեն եղել, իսկ հայերի վերաբնակեցումը վրացական տարածքներում վրացիների համար ցավալի խնդիր է: Ժամանակակից վրացու ազգային աշխարհայացքում Վրաստանի տարածքների պաշտպանությունն ու պահպանությունը կարևոր դեր է զբաղեցնում: Վրաց ազգային գիտակցությունը որևէ փոխզիջում չի ճանաչում այս հարցում: Վրաց-հայկական միջազգային խնդիրների հիմնական պատճառը հենց տարածքերի պատճառով է տեղի ունենում»:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ալիք մեդիա լրատվականում: Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գիրքը տպագրվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից: