Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի թարգմանության առավել ուշագրավ էջերը: Այս հատվածում տեղ են գտել 1914 թվականին Վրաստանում հրապարակված «Ժողովրդական թերթ» և «Ժողովրդական թերթիկ» պարբերականներում հրապարակված` Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի վիճակի վերաբերյալ հատվածները:

Ալիք մեդիա տեղեկատվական պորտալը ուշագրավ նախագիծ է իրականցնում, հավաքագրում և հայերեն թարգմանությամբ է ներկայացնում «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում» շարքը: Առաջիկայում կլինի նաև վրացերեն տարբերակը:

Վրաստանի Ժողովրդական թերթիկ պարբերականը 1914թ.-ին գրում է. «Պետրոգրադի թերթը ծանուցագիր է ստացել, որի համաձայն Ստամբուլում լայնածավալ խուզարկություններ են իրականացվել հայերի շրջանում, կատարվում են անհիմն ձերբակալություններ» (1914/09/4/ #103):

«Հայերի ազատազրկումը Օսմանյան կայսրությունում» հոդվածում Ժողովրդական թերթիկը (1914/10/16 #113) գրում է՝ «Վերջին ժամանակաշրջանում Պերիում և Ստամբուլում հայերին հաճախ են խուզարկության ենթարկում: Հայկական «Դաշնակցություն» կուսակցության մի քանի, և «Հնչակյան» կոմիտեի մեկ անդամ վիրավորվել է: Նրանք մեղադրվում են Էնվեր փաշայի սպանության մտադրության մեջ: Նրանցից 3-ին ռազմական դատարանը մահվան է դատապարտել»:

Ժողովրդական թերթիկ (1914/10/28 #123) պարբերականը գրում է՝ «Բուխարեստ, հոկտեմբերի 25: Ստամբուլից տեղեկացնում են, որ հույների և հայերի բնակարանները խուզարկվում են: Ոստիկանությունը պատերազմի պատճառաբանությամբ գումար է առգրավել: Շատերը վրդովված են: Նրանք ուղարկվում են Փոքր Ասիա»:

Մեկ այլ հոդվածում՝ «Օսմանյան կայսրության ռազմական նախապատրաստությունը», որը քաղվածք է տարբեր ամսագրերից ու թերթերից Ժողովրդական թերթիկը (1914/08/15 #64) մանրամասն նկարագրում է.

««Зак речь»-ում հրապարակվել է Օսմանյան կայսրության ռազմական նախապատրաստության վերաբերյալ հայկական թերթերի թղթակիցների հոդվածները: Նրանց տեղեկատվության համաձայն, Օսմանյան կայսրությունը 20-ից 45 տարեկան բոլոր տղամարդկանց բանակ է զորակոչում: Շատ ընտանիքներ մնացել են անտեր: Քանի որ Օսմանյան գանձարանում քիչ գումար կա, կառավարությունը հրաման է արձակել, որի համաձայն բանակ զորակոչվածները պետք է 1 շաբաթվա սնունդ բերեն իրենց հետ: Ամրապնդում են Էրզրումը, խրամատներ են փորում: Օսմանները լուրեր են տարածում, առ այն, թե Ռուսաստանը պատերազմը կանխելու համար համաձայնել է մեզ տրամադրել Երևանի, Թբիլիսիի, Գյանջայի, Բաքվի, Ղարսի նահանգները, իրեն թողնելով միայն Բաթումին: Օսմանյան կայսրությունը պահանջում է բոլոր տարածքները` մինչև Կովկասյան լեռներ: Վանում, Էրզրումում, Բիթլիսում և Բայազետում խոսում են այն մասին, որ այս նախապատրաստությունն ուղղված է Ռուսաստանի դեմ: Օսմանյան հայերը ռուսներին ազատագրողներ են դիտարկում, այդ իսկ պատճառով չեն ցանկանում զենք վերցնել նրանց դեմ, նաև վախենում են իրենց իսկ տրամադրություններից»:

«Եվրոպայի պատերազմը և հայկական հարցը» վերնագրով նամակ է հրապարակվել «Բաքու» թերթում.

«Ամբողջ Եվրոպան կրակի տակ է: Մենք զգացինք համաշխարհային աղետը, որը առաջացել է այժմյան քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով: Եվրոպան բաժանվել է երկու ճամբարների, ո՞վ կհաղթի, սա` ակնհայտ է: Ռուսաստանի և նրա դաշնակիցների հաղթանակը կլինի տևտոնների (գերմանացիների) ռազմամոլության պարտությունը… Այս հաղթանակը պատմական նվեր կլինի ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ ռուսահայերի համար: Հայ ժողովրդի ողբերգական պատմությունը ուշագրավ և ուսանելի է: Վերջին ժամանակաշրջանում այս հարցում նոր պաշտպաններ կան` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի համաձայնությամբ, ինչպես նաև թշնամիներ` Գերմանիայի և Ավստրիայի օգնությամբ: Ինչպես բոլորը գիտեն, օսմանյան հայերի համար բարեփոխումների վերջին ծրագիրը, որը պետք է ապահովեր հայերի գույքի ու կյանքի իրավունքը, ինչպես նաև բարելավեր նրաց տնտեսական և մշակութային իրավիճակը, ընդունվել է Ռուսաստանի պահանջով` ընդդեմ Գերմանիայի: Գերմանիայի կայսրը, ով Աբդուլ Համիդի հետ եղբայրացել է, հայերին վնասող քաղաքականություն է իրականացնում: Այդ քաղաքականությունը հայերի համար ստեղծել է անտանելի իրավիճակ, որը ոչնչացնում է նրանց: Գերմանիայի վատ ազդեցությունը այնքան ուժեղ է, որ երբ պատերազմ հայտարարվեց, անմիջապես հայկական վիլայեթներում չեղյալ հայտարարվեց գեներալ-նահանգապետերի պաշտոնը: Այսպես պետք է վերջնականապես գերեզմանին հանձնվեր հայկական հարցը: Սակայն բռնակալ Գերմանիայի դեմ ձեռք է բարձրացրել ազատագրող Ռուսաստանը, որի հաղթանակը կխոչընդոտի հայերի ոչնչացմանը… Ռուսաստանի հայերը մեծ պատրաստակամությամբ ուղարկում են իրենց երեխաներին պատերազմ, օսմանյան հայերն ակնկալում են հասարակական և մշակութային վերածնունդ»,- ահա այսպես է նկարագրում Ժողովրդական թերթիկը 1914 թվականի իրադարձությունները, հիմնվելով տարբեր ամսագրերի և թերթերի տեղեկությունների վրա:

Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ