Հոկտեմբերի 30-ին և 31-ին, 17 ընտանիք «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում ստացան 1000-ական լարի օգնություն:
Օգնությունը ստացավ Ախալքալաքի շրջանի 9 և Նինոծմինդայի շրջանի՝ 8 բազմազավակ ընտանիք, որոնցում նորածիններ կան:
Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքի «Ոսկե Ծիրան» կինոսրահի դահլիճում գումարների փոխանցման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց Տերունական աղոթքով: Ծրագրի կազմակերպիչները շնորհավորելով նորածինների ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հույս հայտնեցին, որ բազմազավակ ընտանիքների քանակը գնալով կավելանա: Միջոցառման իր ներկայությունն էր բերել Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Մինչ օրս Ջավախքում շուրջ 100 ընտանիք «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով միանվագ օգնություն են ստացել:
2014 թ. հունվարի 1-ից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Ջավախքում իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը։ Սույն ծրագրով ՋԱՀ-ը միանվագ օգնություն է ցուցաբերում բոլոր այն ընտանիքներին, ովքեր այս տարի ունեցել են երրորդ (չորրորդ, հինգերորդ), կամ ունեն վեց և ավելի երեխա:
«Այսօրվա օրոք սուտ կլինի ասել, որ 1000 լարի աջակցությունը խթանում է ինչ-որ ծննդաբերության աճին: Սա ընդամենը որոշ չափով, քիչ թե շատ կհեշտացնի նորածնի առաջնային հոգսերը հոգալ», – ասաց Ախալքալաքի շրջանում «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը գրանցվել է 2013թ.-ի դեկտեմբերի 10-ին և սկսել իր գործունեությունը 2014 թվականից։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի նահանգների հայաբնակ բնակավայրերի սոցիալ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը և նպաստել գիտական, կրթական, հոգևոր, առողջապահական, մշակութային, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանը: